Սումգայիթյան ջարդերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կայացել Ֆրանսիայում և Վրաստանում

Փետրվարի վերջին Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը /ՖԿՀԽ/ ծրագրել և անցկացնում է միջոցառումների շարք` նվիրված սումգայիթյան ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակի 24-րդ տարելիցին:

Փետրվարի 26-ի առավոտյան Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում: Ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը, Ֆրանսիայում գործող հայկական միությունների ղեկավար և շարքային անդամներ, ֆրանսիական հասարակայնության ներկայացուցիչներ, ֆրանսահայության ստվարաքանակ ներկայացուցիչներ:

Պատարագից հետո թափորը ուղևորվեց դեպի Փարիզի Երևանի պարտեզի հարևանությամբ գտնվող Կոմիտասի հուշարձան, ուր ոգեկոչման տուրք մատուցվեց զոհերի հիշատակին: Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի, Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, այլ կազմակերպությունների ու միությունների կողմից:

Փետրվարի 27-ի երեկոյան Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը անցկացրեց Սումգայիթում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ջարդերի ենթարկված հայության հիշատակին նվիրված բազմամարդ հանրահավաք` ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ազգային խորհրդի նախագահ Ալեքսի Գովչյանը, ՖԿԽՀ համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Եզրափակիչ ելույթներով հանդես եկան ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Վերջիններս կարևորեցին միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերի պաշտպանության նպատակով ողջ հայության ներուժի համախմբման գաղափարը: Միջոցառմանը ներկա էին ավելի քան չորս հարյուր ֆրանսահայեր, ֆրանսիացի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում` Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների, ԼՂՀ մշակույթի նախարարի, Ֆրանսիայում ԼՂՀ և ՀՀ դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման թեմաներն էին` Ադրբեջանում հայկական ջարդերը և պատերազմական ընթացքը, Լեռնային Ղարաբաղի արդիական խնդիրները, Ֆրանսիա-ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցությունը, հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղին` ընդդեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական քարոզչության, հակասությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և ադրբեջանական պաշտոնական քարոզչության միջև:

Միջոցառումներ կազմակերպվել են նաև Վրաստանում: Փետրվարի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմակերպել են «Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…» խորագրով երեկո:

Նախքան բուն միջոցառումը Թբիլիսիի Ս. Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն:

Այնուհետև Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացել է հուշ-երեկո, որի բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշել է Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար և օրինական պահանջի, արցախյան շարժման սկզբից մինչև օրս շարունակվող ադրբեջանական կողմի անհանդուրժողականության և ոչ կառուցողականության, 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ և թողտվությամբ իրականացված վայրագությունների, պատմական փաստերի խեղաթյուրման և զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների և հայատյացության քարոզչությանն ուղղված քաղաքականության մասին:

Խոսքով հանդես է եկել ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Համառոտ պատմական ակնարկից հետո թեմի առաջնորդն անդրադարձել է ազգամիջյան հարաբերություններում հանդուրժողականության անհրաժեշտության կոչով և հույս հայտնել, որ ողջամտությունը կհաղթանակի ու իրականություն կդառնա խաղաղ Կովկասում հարատև համակեցության մեծագույն նպատակը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են հատվածներ սումգայիթյան իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմից: Այս դեպքերը լուսաբանող պատմական ակնարկով հանդես է եկել համայնքային գործիչ Ենոք Թադևոսյանը:

Միջոցառման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել Խոջալուի դեպքերին, Բաքվի կողմից իրական փաստերի նենգափոխմանն ու այդ ուղղությամբ տարվող քարոզչությանը: Համապատասխան մեկնաբանություններով հանդես է եկել պատմաբան Կարեն Օգանեսյանը: Ցուցադրվել են նաև հատվածներ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնող վավերագրական ֆիլմից:

Միջոցառումն ավարտվել է վրաց հասարակության կողմից ճանաչված գրող- հրապարակախոս Գիվի Շահնազարի ելույթով:

Միջոցառման ավարտից հետո ՀՀ դեսպանը հարցազրույցներ է տվել վրացական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում