Ն.Սարկոզին հանձնարարել է նոր օրինագիծ մշակել

«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հաշվի առնելով այն բոլոր մարդկանց հիասթափությունը և տխրությունը, ովքեր երախտագիտությամբ ողջունում էին օրինագիծը և հույս ունեին, որ այն կվավերացվի, Կառավարությանը հանձնարարել է նոր օրինագիծ մշակել՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը»,- Times.am-ին Փարիզից հաղորդում է ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը:

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ցեղասպանության մերժումը ոչ միայն անարգանք է անմեղ զոհերի և նրանց հետնորդների հանդեպ, այլև սպառնալիք՝ մեր ազգային համայնքի դեմ:

Ֆրանսիայի Ելիսեյան պալատից հաղորդագրություն են տարածել՝ նշելով, որ Ն.Սարկոզին առաջիկայում պատրաստվում է հանդիպում ունենալ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հայտարարել է Հանրապետության նախագահը, ժխտողականությունն անհանդուրժելի է, և դրա համար պետք է նախատեսվի քրեական պատասխանատվություն»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին, Ֆրանսիայի Սահմանդրական խորհուրդը մերժել է Ցեղասպանությունների (այդ թվում՝ Հայոց Ցեղասպանության) ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ այն հակասահմանադրական ճանաելով:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ցեղասպանությունների, այդ թվում նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը սահմանում է մինչև մեկ տարի ազատազրկում և 45.000 եվրո տուգանք այդ փաստը հերքելու համար: Հետաքրքրական է, որ հրեաների Հոլոքոստը նմանապես ճանաչված է Ֆրանսիայի կողմից և դրա ժխտման համար սահմանված է նույն պատիժը:

Հայկական օրինագծի մշակման օրվանից թուրքական կողմը սովորության համաձայն ներկայացրեց իր սպառնալիքները և պահանջները՝ վստահեցնելով, որ օրենքի ընդունման դեպքում իրենց մի շարք պատժամիջոցներ կկիրառեն Ֆրանսիայի նկատմանբ, այդ թվում՝ կսառեցնեն բոլոր տեսակի դիվանագիտական հարաբերությունները, տնտեսական և ռազմական համագործակցությունը:

Ֆրանսիայում թուրքական լոբբինգի ինտենսիվ աշխատանքից հետո օրինագիծը բողոքարկվեց Սահմանադրական դատարանում, ինչը խանգարեց, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վավերացնի օրինագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում