Երևանի կենտրոնում սկսվել է ՀԱԿ հանրահավաքը

Երևանի Ազատության հրապարակում սկսվել է Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հերթական հանրահավաքը: Ինչպես ներկայացնում է Times.am լրատվական կայքի թղթակիցը, հարթակում են ընդդիմադիր դաշինքի առաջբորդներն ու կողմնակիցները: Ցույցին մասնակցում են մոտ 4-5 հազար քաղաքացիներ:
Ինչպես սպասվում էր, հանրահավաքում բացման խոսքով հանդես է եկել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս յուրաքանչյուր ելույթից հետո հանդես է գալիս տարբեր հայտարարություններով, իշխանությունների ուղղված խիստ քննադատական խոսքերով:
Նշենք, որ ընդդիմադիր լրատվամիջոցներն այսօր տեղեկատվություն են տարածել ՀՀ մարզերից Երևան բերող երթուղային գծերի ոչ կանոնավոր աշխատանքի մասին: Սակայն, դրա հետ միասին պետք է փաստել նաև, որ հանրահավաքին ներկա են քաղաքացիներ նաև Հայաստանի այլ քաղաքներից:
Մինչ ՀԱԿ ակտիվիստները Ազատության հրապարակում քննադատում և պատասխանատվության են կանչում ՀՀ ներկայիս և նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, քաղաքացիներին հետաքրքրում է մեկ այլ հարցի պատասխան. ի՞նչ տեսք է ունենալու ՀԱԿ նախընտրական ցուցակը: Մամուլում և քաղաքական շրջանակներում այսօր լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսում համախմբված կուսակցությունների միջև այս հարցի կապակցությամբ լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ընդդիմության ներսում աթոռակռիվ է սկսվել, ինչի արդյունքում ՀԱԿ-ը այսօր չի կարող ներկայացնել ընտրություններին մասնակցելու իր ռազմավարությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում