Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ի հանրահավաքում
Նմանատիպ
ՀԱԿ-ն այսօր տարածել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն այսօրվա հանրահավաքում, ներակայացնում ենք ամբողջությամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
Թեև նախորդ հանրահավաքից անցած երեք ամիսները սեզոնային պատճառներով աչքի չեն ընկել բուռն քաղաքական կյանքով, բայց այդ ընթացքում, այնուամենայնիվ, տեղի են ունեցել որոշ ուշագրավ իրադարձություններ, որոնք լուրջ իմաստավորման և մեկնաբանության կարիք ունեն։ Հայ Ազգային Կոնգրեսն իր պաշտոնական հայտարարություններով և մամուլի հաղորդագրություններով ժամանակին արձագանքել է այդ իրադարձություններից շատերին, տալով նրանց սպառիչ քաղաքական գնահատականը։ Բայց քանի որ անձամբ ես առիթ չեմ ունեցել հրապարակավ անդրադառնալու դրանց, ավելորդ չեմ համարում ստորև հնչեցնել նաև իմ սեփական տեսակետները, որոնք ընդհանուր առմամբ համահունչ լինելով Կոնգրեսի գնահատականներին, պարունակում են նաև որոշ լրացուցիչ հստակեցումներ ու պարզաբանումներ։ Ելույթս, հետևաբար, նվիրված լինելով իրար հետ կապ չունեցող տարբեր իրադարձությունների, նմանվելու է ոչ այնքան համակարգված քաղաքական վերլուծության, որքան լրահոսային խճանկարի։ Եթե կուզեք, այն կարող եք անգամ հարցազրույց համարել, որովհետև վստահ եմ, որ շատ լրագրողներ կցանկանային ինձ հարցեր ուղղել ստորև շոշափվող թեմաների վերաբերյալ։ Հավատացեք, որ այդպիսի ցանկություններ նաև արտահայտվել են։
Քանի որ այսօր մարտի 1-ն է, բնականաբար հարկ է սկսել այդ չարաբաստիկ օրվան պատշաճող թեմայից։ Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սեփական ինտերնետային կայքում ընդարձակ տեղեկատվական հաղորդում հրապարակեց 2008թ. մարտի 1–2-ի իրադարձությունների կապակցությամբ իր վարույթում գտնվող քրեական գործի ընթացքի մասին։ Կրկնությունից խուսափելու համար զերծ մնալով այդ խայտառակ փաստաթղթի մանրակրկիտ իրավական գնահատականից, որը տրված է Հայ Ազգային Կոնգրեսի իրավական հանձնաժողովի կողմից («ՀԺ». 25.01.2012), ես կբավարարվեմ սոսկ հետևյալ կարճառոտ արձանագրումով։ Նշված հրապարակմամբ ՀՔԾ-ն ֆորմալ առումով կատարված ազդարարեց Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականը և ԵԽԽՎ 1837 բանաձևի պահանջը, իսկ ըստ էության, փակված համարեց մարտի 1-ի պետական ոճրագործության արյունալի էջը։ Այսինքն, իշխող վարչախումբը, Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, իր վրա վերցրեց այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը և խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ ցինիկաբար հայտարարեց, որ խաղաղ ցուցարարներին գնդակոծած, հարյուրավոր մարդկանց հրազենային ու բեկորային վերքեր պատճառած և տասը անմեղ քաղաքացու կյանքը խլած մարդասպաններն անպատիժ են մնալու։ Անշուշտ, ժողովրդի պատվախնդրության ու իրավագիտակցության աստիճանից է կախված, թե այդ ցինիզմն ինչպիսի հակազդեցության կարժանանա առաջիկա ընտրություններում։ Բայց անգամ դրանից անկախ, պարզ է մեկ բան. որքան էլ մղձավանջը շարունակվի, որքան էլ բռնապետությունը երկարաձգվի, սեփական ժողովրդի արյունը թափած ոճրագործները, երբ էլ լինի, կանգնելու են արդար դատաստանի առջև։ Նիկոլաե Չաուշեսկուի, Էրիխ Հոնեկերի, Սադդամ Հուսեյնի, Մուամմար Կադաֆիի և Հոսնի Մուբարաքի թշվառ վախճանը ձեզ օրինակ։
Հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի օգտին։ Հասկանալի պատճառներով դա մեծ խանդավառություն առաջացրեց հայ հասարակության լայն շերտերում, մանավանդ Սփյուռքում։ Իսկ Սերժ Սարգսյանը և Էդուարդ Նալբանդյանը, անհուն երախտագիտության խոսքեր ուղղելով Ֆրանսիայի ղեկավարներին, այդ իրադարձությունը համարեցին Հայաստանի դիվանագիտության փայլուն հաղթանակը։
Թե ինչ դերակատարություն է այդ հարցում ունեցել Հայաստանի դիվանագիտությունը, իհարկե, միայն Աստծուն է հայտնի, քանի որ ակնհայտ է, որ Ֆրանսիայի կառավարությունն այդ քայլը ձեռնարկել է բոլորովին անկախաբար, այն է՝ ֆրանսահայության քվեները շահելու նախընտրական նկատառումներով ու, թերևս, նաև ևրամիությանը Թուրքիայի անդամակցությունը խափանելու հեռահար նպատակով։ Այսինքն, հայկական հարցը կրկին, մեր կամքից անկախ, դարձել է արտաքին ուժերի խաղերի առարկան, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Երկու օր առաջ պարզվեց նաև, որ այդ խանդավառությունը վաղաժամ էր, քանի որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց Սենատի որոշումը, ինչը դուք ինձնից լավ կարող եք մեկնաբանել։ Ուստի, իմ կարծիքով, խանդավառվելու կամ «հաղթանակ» տոնելու փոխարեն, անհրաժեշտ էր Սենատի «պատմական» որոշումը գնահատել նախ և առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու կամ վնասելու տեսանկյունից, որովհետև դա այն խնդիրն է, որի կենսական նշանակությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար ոչ ոք չի կարող ժխտել։ Հուսանք, ուրեմն, որ շուրջ մեկ ամիս առաջ ձեռքբերված փայլուն «հաղթանակը» չնմանվի Բեռլինի (1878թ.) և Փարիզի (1920թ.) խաղաղության կոնֆերանսներում հայկական դիվանագիտության տարած ավելի փայլուն հաղթանակներին, որոնց հետևանքով նախ բնաջնջվեց ողջ Արևմտյան Հայաստանը, և ապա՝ կորսվեց Հայաստանի Հանրապետության տարածքի ուղիղ կեսը։ Համեմատությունը միգուցե կարող է անտեղի ու չափազանցված թվալ, բայց ահագնացող արտագաղթը, որը մասամբ հետևանք է նշված խնդրի չկարգավորվածության, ազգային աղետի պակաս վտանգ չի պարունակում։
Ի դեպ, արտագաղթի մասին։ Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշների մասին» վերնագիրը կրող մամուլի հաղորդագրությունը։ Այդ փաստաթղթի համաձայն, մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի առկա բնակչության թիվը կազմել է 2.871.509 մարդ, մինչ 2001թ. մարդահամարի արդյունքներով՝ հանրապետության առկա բնակչության թիվը եղել է 3.002.598 մարդ։ Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով՝ տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը պակասել է 131.089 մարդով։ Մամուլը բուռն արձագանքեց այս հաղորդագրությանը, բայց միևնույն ժամանակ ստեղծեց այն թյուր տպավորությունը, թե իբր երկու մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում ընդամենն այդքան մարդ է արտագաղթել Հայաստանից։
Այնինչ ակնհայտ է, որ արտագաղթի ծավալը գնահատելու համար այդ թվին պետք է գումարել նաև բնակչության բնական աճի թիվը, այսինքն՝ տասը տարվա ընթացքում ծնվածների և մահացածների թվի տարբերությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2002–2011 թթ. ընթացքում Հայաստանում ծնվել է 394.497 և մահացել 268.370 մարդ։ Տարբերությունը կազմում է 126.127, որը գումարելով վերը նշված 131.089-ին, ստանում ենք 257.216 մարդ։ Իսկ եթե սրան էլ գումարենք նույն ժամանակահատվածում Վրաստանից, Ռուսաստանից, Իրաքից, Իրանից, Սիրիայից և մանավանդ Ղարաբաղից ներգաղթած ավելի քան 20.000 հոգուն, ապա արտագաղթի իրական թիվը կկազմի շուրջ 277.000 մարդ։ և սա, կրկնում եմ, պաշտոնական տվյալներով։ Մինչդեռ ոչ պաշտոնական գնահատականներով, վերջին տասը տարիների ընթացքում երկրից արտագաղթել է ավելի քան 500.000 մարդ, և այսօր Հայաստանի առկա բնակչության թիվն իրականում կազմում է շուրջ 2.5 միլիոն մարդ։ Արտագաղթի հիմնական պատճառն, անշուշտ, ժողովրդի ծայրաստիճան ծանր սոցիալական վիճակն է, որը, սակայն, իր հերթին, հետևանք է վեց այլ վճռորոշ պատճառների, ընդ որում, երեքը օբյեկտիվ, իսկ մյուս երեքը՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ-առարկայական պատճառներն են՝ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքը, որի մասին արդեն խոսվեց, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության առկայությունը և Հայաստանի տրանսպորտային շրջափակումը։ Իսկ սուբյեկտիվ-ենթակայական պատճառներն են՝ պետական մասշտաբի սանձարձակ կոռուպցիան, օրինականության բացակայությունը և ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարումը։ Ահա այն պատկառելի ուղեբեռը, որով ներկա վարչախումբը հավակնում է առաջիկա ընտրություններում վերահաստատել իր բացարձակ գերիշխանությունը՝ շարունակելու համար երկրի անխնա թալանն ու անշրջելի դարձնելու Հայաստանի մարդաթափման գործընթացը։ և այս ամենը Ցեղասպանության ճանաչման ճակատում տարած հաղթանակների, բոցաշունչ հայրենասիրական ճառերի, վարդագույն ապագայի վերաբերյալ ամպագորգոռ խոստումների, համաժողովրդական գոհության ու տոնախմբությունների ծնծղաների ներքո։
Վարդան Օսկանյանն անդամագրվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, ինչն ակներևաբար բխում է կոնկրետ հաշվարկների վրա կառուցված երկուստեք շահերից։ Քաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին, բնականաբար, աջակից հենարան էր պետք, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռքբերելու ձգտող Բարգավաճին՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակությունը։ Չգիտես ինչու, սակայն, այս պարզ բացատրությունը մի կողմ թողած, դավադրության տեսության կողմնակիցները տվյալ քաղաքական գործարքի և ընդհանրապես Բարգավաճ Հայաստանի հետ կապված ցանկացած անցուդարձի ետևում փորձում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Դրանով նրանք, մի կողմից ժխտելով Օսկանյանի և Ծառուկյանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նրանց հատկացնում են խրտվիլակի դերակատարություն, մյուս կողմից, Քոչարյանի ուրվականով սարսափեցնելով ժողովրդին, նպաստում են Սերժ Սարգսյանի բռնապետության ամրապնդմանը։ Ինչևիցէ, եթե Օսկանյանի անդամագրումը Բարգավաճ Հայաստանին խորացնելու է իշխող կոալիցիայի ներսում առաջացած հակասությունները և նպաստելու ԲՀԿ-ի՝ որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա նրա քայլը կարելի է միայն ողջունել։ Ինչ վերաբերում է ականջներին, ապա չբացառելով թե Քոչարյանի քաղաքական հավակնությունները, թե Ծառուկյանի ու Օսկանյանի մտերմական հարաբերությունները նրա հետ, դրանք, այդուհանդերձ, պետք է դիտել որպես քաղաքական բովանդակությունից բոլորովին զուրկ հանգամանքներ, քանի որ, ինչպես մի առիթով նշել եմ, ներկա իրավիճակում «միակ տղամարդը» կամ «ամենաերիտասարդ թոշակառուն» քաղաքական գործոն դառնալու որևէ հնարավորություն չունի։ Ավելին, քանի դեռ Սարգսյանն իր տեղում է, նա այդ մասին անգամ չի կարող երազել։ Ռոբերտ Քոչարյանը խորտակված, իսկ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, և այն ուժը, որը սեփական ճակատագիրը կկապի նրանց հետ, իր քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել։
Ս.թ. փետրվարի 18-ին կայացած «Երկրապահ կամավորականների միության» համագումարը պաշտոնապես հայտարարեց, որ անվերապահորեն լծվում է Սերժ Սարգսյանի ճռռացող սայլին։ Իսկ քանի որ այդ սայլը թավալգլոր սուրում է դեպի երկրի անխուսափելի կործանում, երբեմնի փառապանծ կազմակերպությունը փաստորեն ինքնակամ հրաժարվեց «երկիրը պահելու» սուրբ առաքելությունից, այն փոխարինելով «Սարգսյանին պահելու» առաքելությամբ։ Թեև այս փաստը վշտացրեց ու վրդովեցրեց շատերին, բայց նման արձագանքն, իմ կարծիքով, այնքան էլ տեղին չէր, քանի որ անվայել այդ փոխակերպումն իրականում արտահայտում է ոչ թե ԵԿՄ-ի հազարավոր շարքային անդամների, այլ պատեհապաշտ նոմենկլատուրացված վերնախավի դիրքորոշումը, որին, ցավոք, հաջողվեց արատավորել երկրապահի պատիվը և պղծել Վազգեն Սարգսյանի ժառանգության ևս մի մասունքը։ Արձանագրելով, արդ, ԵԿՄ-ի, որպես հեղինակավոր հասարակական կազմակերպության տխուր վախճանը, պետք է մխիթարվել, սակայն, այն լուսավոր իրողությամբ, որ երկրապահների մեծ մասը, թե միության ներսում, թե նրանից դուրս, եղել, մնում է ու այսուհետև ևս կմնա ժողովրդի կողքին, որովհետև միությունը սոսկ կեղև է, իսկ երկրապահը՝ կենսակերպ ու կոչում։ Ուստի ես կխնդրեի հստակ տարբերակել հետևյալը. մի բան են բուն երկրապահները, և բոլորովին մի այլ բան՝ «Երկրապահների միությունը»։ Հետևաբար, միության նկատմամբ բացասական վերաբերմունքը ոչ մի դեպքում չպետք է տարածել երկրապահներից յուրաքանչյուրի կամ նրանց ամբողջության վրա։
Առաջիկա ընտրությունների նախօրյակին իշխանական քարոզչության կողմից կրկին շրջանառության մեջ դրվեց իմ հասցեին ուղղված այն հերյուրանքը, թե ես իբր Հայաստանի ավազակապետության պարագլուխներին թաթար-մոնղոլներ եմ անվանել։ Նման արտահայտություն ես երբևէ ինձ թույլ չեմ տվել և չէի էլ կարող թույլ տալ, որովհետև դրանով վիրավորած կլինեի ոչ թե Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, այլ խորագույն հարգանքի արժանի թաթար-մոնղոլական ժողովուրդներին, որոնք պատմական մի որոշակի ժամանակաշրջանում համաշխարհային նշանակության դեր են խաղացել մարդկության կյանքում։ Տվյալ հերյուրանքը չարամիտ աղավաղումն է 2007թ. դեկտեմբերի 8-ի իմ ելույթի այն հատվածի, որում ես ասել եմ բառացիորեն հետևյալը. «Քոչարյանա-սերժական վարչախմբի ձևավորած տնտեսական համակարգը որևէ կապ չունի ոչ սոցիալիզմի, ոչ ֆեոդալիզմի, ոչ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, և ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ», անմիջապես ավելացնելով նաև, որ «սա էթնիկական բնութագրում չէ, այլ զուտ գիտական հասկացություն՝ հիմնավորապես ուսումնասիրված և մշակված համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր պատմաբանների, մասնավորապես ռուս արևելագետների՝ Բարտոլդի, Վլադիմիրցովի, Գրեկովի, Յակուբովսկու կողմից» (ԼՏՊ, «Վերադարձ», Ե., 2009, էջ 117)։ Ես պատասխանատու եմ միայն իմ արտահայտած մտքերի համար, և ամենևին ոչ այլևայլ նպատակներով ինձ վերագրված խոսքերի։
Մի այլ ցածրորակ հերյուրանքի համաձայն՝ ես իբր 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ԱԽՔ պատվավոր տիտղոսը կրող հայտնի անձնավորությանը «հայրենիքի դավաճան» եմ անվանել, ինչը ևս բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Իմ ելույթներից երկուսում ես ընդամենն ասել եմ, որ եթե այդ անձնավորությունը, նախորդ ընտրություններում Վազգեն Մանուկյանի և Արտաշես Գեղամյանի դրսևորած օրինակով, պառակտի ընդդիմադիր ընտրազանգվածը և իր ստացած ձայները վերջին հաշվով գումարի վարչախումբը ներկայացնող թեկնածուի ձայներին, ապա նա դրանով «դավաճանություն կգործի ժողովրդի դեմ» կամ «կդավաճանի ժողովրդի գործին» («ՉԻ». 16.02.2012; «Ժամանակ». 17.02.2012)։ Ի դեպ, ամիսներ անց, արդեն որպես կատարված իրողության արձանագրում, գրեթե նույն գնահատականն է տվել նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբին Ֆիլիպսը, մասնավորապես նշելով, որ «ՕԵԿ կուսակցապետի՝ կոալիցիային միանալու քայլը հասարակության աչքերում (ինչպես նաև մեր աչքերում) վերահաստատեց նրա անսկզբունքային քաղաքական գործիչ լինելու և ավելի թանկ ծախվելու փաստը» (Wikileaks. 08YEREVAN436. տես նաև «ՀԺ». 21.10.2011)։ Այսքանն՝ ըստ էության, իսկ հիշեցման կարգով՝ խնդրո առարկա անձնավորությանն իրականում «հայրենիքի դավաճան» է հայտարարել ոչ այլ ոք, քան Ռոբերտ Քոչարյանը։
Մի քանի խոսք էլ ձմռան ամիսներին արձանագրված որոշ դրական երևույթների ու նշանակալի իրադարձությունների մասին։ Այս առումով առաջին հերթին պետք է հիշատակել, անշուշտ, Հայ Հեղափոխական Դաշնակցության, Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի և այլ քաղաքական ուժերի միջև արդար ընտրությունների անցկացման խնդրի շուրջ սկսված կառուցողական երկխոսությունը, ինչպես նաև Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը։ Հակառակ այն հանգամանքին, որ խորհրդարանական մեծամասնությունն, ինչպես և սպասվում էր, մերժեց այդ նախաձեռնությունը, նշված ուժերի անկեղծ համագործակցությունն, այնուամենայնիվ, լուրջ նախադրյալ է ստեղծում ընտրությունների վերահսկման համատեղ արդյունավետ մեխանիզմ ձևավորելու համար։
Հաջորդ դրական երևույթը Հայկ Գևորգյանի դեմ կազմակերպված սադրանքի վիժեցումն է, որը մի կողմից՝ պետք է համարել քաղաքացիական գիտակցության և լրագրողական համերաշխության հրաշալի դրսևորում, իսկ մյուս կողմից՝ ապացույց այն բանի, որ իշխանությունը, որքան էլ ամբարտավան, անպարտելի չէ, և որ պայքարը նրա կամայականությունների դեմ երբեմն նաև արդյունք է տալիս։ Սրանից հետևում է, որ երբեք չպետք է դադարեցնել պայքարը, որքան էլ այն անհուսալի թվա կամ որքան էլ թերահավատների ու վհատվողների կողմից անհուսալի ներկայացվի։ Քանզի, ինչպես ասում են, երբ պայքարում ես, այո, կարող ես նաև պարտվել, բայց երբ չես պայքարում, արդեն պարտված ես։
Եվ վերջապես, երրորդ նշանակալի իրադարձությունը, ինքնըստինքյան հասկանալի է, ես համարում եմ Հրազդանի քաղաքապետի ընտրությունը, որում, հակառակ աղավաղված արդյունքին, արձանագրվեց երկու կարևոր իրողություն. նախևառաջ, իհարկե, Սասուն Միքայելյանի վայելած մեծ ժողովրդականությունն ու հեղինակությունը, և ապա՝ Հայ Ազգային Կոնգրեսի բարձր վարկանիշն ու կազմակերպական կարողությունը։ Դրա հետ մեկտեղ ի հայտ եկավ նաև մի դառը իրողություն, այն է՝ իշխանությունների կողմից ընտրակեղծարարության ավելի նուրբ մեխանիզմների կիրառումը, ինչը, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, դաս պետք է հանդիսանա բոլոր ընդդիմադիր ուժերի համար։
Այսօր ես դիտավորյալ չանդրադարձա առաջիկա ընտրություններին, որովհետև նախ՝ մյուս հռետորները հանգամանորեն խոսեցին դրա մասին, և երկրորդ՝ այն պատճառով, որ շուտով այդ թեմայով ձեզ բոլոր քաղաքական ուժերը ձանձրացնելու են։ Կուզեի ընդգծել միայն հետևյալը։ Հաստատված փաստ է, որ Հայաստանի պարագայում, որպես կանոն, ժողովրդական զանգվածների գերհամախմբում և իրական մրցակցություն տեղի է ունենում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություներում։ Ուստի քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրն է հաղթահարել հոգեբանական այս բարդույթը և հասարակությանը համոզիչ կերպով բացատրել խորհրդարանական ընտրությունների կարևորությունը՝ դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար։ Հաղթելով խորհրդարանական ընտրություններում, ժողովուրդն անհամեմատ կհեշտացնի իր հաղթանակը նախագահական ընտրություններում։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում նաև Հայ Ազգային Կոնգրեսը, ներկայումս զբաղված են խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակների ձևավորման աշխատանքով։ Փետրվարի 28-ին տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքին մաս կազմող ուժերը որոշում են կայացրել՝ համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել ինձ վրա, անշուշտ, հաշվի առնելով քաղխորհրդում քննարկված չափորոշիչներն ու առաջարկները։ Ենթարկվելով Կոնգրեսի կամքին, ես հլուհնազանդ ստանձնել եմ այդ ծանր պարտավորությունը, գիտակցելով նրա ողջ պատասխանատվությունը և սերտած լինելով Ալեքսան Հակոբյանի ժամանակին ինձ տված փառավոր դասը։ Պաշտոնավարությանս վերջին օրը, 1998թ. փետրվարի 3-ին, փութալով Լաչինից, նա, առանց նախապես զգուշացնելու, փոշոտ ու ցեխոտ, հայտնվեց իմ գրասենյակում և ասաց. «Լևոն, գիտեմ, որ հրաժարական ես տալիս։ Լավ ես անում։ Բայց դրա համար չեմ եկել, այլ ուրիշ բանի։ Մի հանճարեղ միտք եմ հղացել։ Հենց հիմա ստորագրում ես քո վերջին հրամանագիրը և վերականգնում դասական ուղղագրությունը»։ «Հետո՞»,– հարցրի ես։ «Հետո ի՞նչ,– պատասխանեց նա,- քեզ հազար բանի համար հայհոյել են, թող մի ավել բանի համար էլ հայհոյեն։ Զատո ուղղագրությունը վերականգնված կլինի»։
Շնորհակալություն ուշադրության համար»։