Սահմանադրական խորհրդի քաղաքական գրաքննությունը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ ժխտողականության քրեականացման օրինականացման արգելակումը, հայության մոտ չպետք է հիասթափության և հուզական նոր ալիք բարձրացնի: Այնպես, ինչպես Ազգային ժողովի և ծերակույտի քվեարկությունները երախտագիտական զեղումնային հակազդեցություններ չպետք է ստեղծեին հայ զանգվածների մոտ:

Քաղաքական սառնասիրտ տրամաբանությունը պարտադիր է դեպքերի ընթացքը գնահատելու, յուրաքանչյուր հանգրվանում քաղաքական շարժառիթները ընկալելու և նման մոտեցումների վրա հիմնված մեկնաբանություն կատարելու կամ համապատասխան կանխատեսումներ անելու:

Այս առումով, ո՛չ Ազգային ժողովի և ծերակույտի քննարկումներն ու քվեարկությունները հայամետ որակումներով պետք է բնութագրել և ո՛չ էլ Սահմանադրական խորհրդի արգելակումը հակահայ տրամադրություններով պետք է մեկնաբանել: Խնդիրը զուտ ֆրանսիական քաղաքականության պարունակի մեջ տեղադրելով թե՛ ներքին նախընտրական և թե՛ Փարիզ-Անկարա պարանաձգության, թե՛ Թուրքիայի` Եվրոպական Միության անդամակցության համար կատարած նկրտումների և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վերաբերող գործընթացների հետ է կապված բացառապես: Այստեղ պատմական ճշմարտացիությունը կամ մարդու իրավունքները կարգախոսային ընկալումներ ունեն և պարզապես ծառայեցվում են քաղաքականություն իրականացնելու աշխատանքին:

Մի պահ տեսնենք սակայն, որ Սահմանադրական խորհրդի արգելակման նախօրյակին ի՛նչ էր կատարվում Թուրքիայում: Ծերակույտի որոշման նախօրյակին թուրք հասարակությունը հակազդում էր Հրանդ Դինքի սպանության ձգձգված դատավճռին, որն ի դեպ, ոչ միայն հասարակության, այլ նաև պաշտոնական Անկարայի ներկայացուցիչներին և մի զավեշտալի ցուցադրությամբ նաև դատական իշխանություններին անբավարարվածության և դժգոհության ալիքի բարձրացման տեղիք էր տալիս: Զանգվածային այս երևույթը ամբողջությամբ շահարկվում էր Եվրոպային և հատկապես Փարիզին պատգամ փոխանցելու համար:

Հիմա, Սահմանադրական խորհրդի որոշման նախօրյակին զանգվածային այլ ցուցահանդես էր կազմակերպվել Թաքսիմ հրապարակում: Ուժի ցուցադրության առիթ էր պետք հայկական թեմաներով թուրք ազգայնականությունը փողոց իջեցնելու համար: Օգտագործված թեման այս պարագայում Խոջալուն էր, որի դատապարտման համար թուրքական աննախադեպ տարողությամբ ցույց պետք էր և որի ընթացքում հայատյացության աստիճանաչափը նոր սանդղակներ պետք է արձանագրեր: Խոջալուի դատապարտման նպատակով Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենան միաժամանակ թե՛ Բաքվում և թե՛ Պոլսում կազմակերպել էր աննախընթաց տարողությամբ ցույցեր, հայտնապես թիրախ ունենալով ոչ միայն Խոջալուի դատապարտումը: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը ստացել էր անհրաժեշտ  պատգամը` «սև ծաղկեպսակ»-ը: Մեր պաշտոնակից «Մարմարա»-ն նկատառելի դիտարկում է կատարել՝ Պոլսի  ցույցերում նկատելով ընկերվարական ադրբեջանցիների շարժումը, որը պահանջել է չշահարկել Խոջալուն Հայոց ցեղասպանությունը ժխտելու պահանջներում: Խնդիրը այստեղ, առավել  վերաբերում է Խոջալուի առաջնահերթությունը չստվերելու համաադրբեջանական մոտեցումին, որն իր հերթին բացայայտում է Խոջալուի պատրվակով ժխտողական քաղաքականության ներկա արարը լիարժեք օգտագործելու պաշտոնական Անկարայի քաղաքականությունը:

Արժե մեկ անգամ ևս ընդգծել ներֆրանսիական հակասությունները, պարզապես լույսի տակ բերելու Սահմանադրական խորհրդի կատարած զուտ քաղաքական գրաքննությունը: Միայն այն հարցը, թէ ինչպե՞ս սահմանադրական կարելի է նկատել հրեական ողջակիզումի ժխտումը քրէականացնող Կեսոյի օրենքը և հակասահմանադրական հայտարարել Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ճանաչված Ցեղասպանությունների ժխտումը պատժելի դարձնող օրինագիծը, բավարար է  համոզվելու, որ կատարվածը ոչ թե սահմանադրական արգելակում է, այլ քաղաքական գրաքննություն: Հայկական կողմի համար ցավ է անշուշտ նկատելը, որ Ցեղասպանությունը հերթական անգամ խաղաթուղթ է մարտավարական ժամանակավոր խաղեր իրականացնելու համար: Այդ խաղի հերթական արարը նոր օրինագծի խոստումն է, մշակումը և նույն ընթացակարգի վերսկսումը:

Հայկական կողմը, հեռու` երախտագիտական հուզականությունից կամ հիասթափության նոր ալիքներից, Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականության ընդհանուր պարունակի մեջ դիտելով խնդիրը, պարզապես քաղաքական նպաստավոր պահերին քարոզչաքաղաքական ազդեցիկ գործողություններ իրականացնելու համար դիրքերը պահելու անհրաժեշտության առաջ է կանգնած: Մանավանդ որ Ֆրանսիան մեկ անգամ ևս հասկացրեց, որ սահմանադրական և իրավական խնդիրները քաղաքական պահի ազդեցության տակ որոշվելիք հարցեր են:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

Ազդակ“-ի գլխավոր խմբագիր

Հետևեք մեզ նաև Telegram-ում