Ռուսաստանը և Թուրքիան չեն պատրաստվում անմիջականորեն միջամտել Սիրիայի գործերին

Համաձայն գործող պայմանագրերի՝ Ռուսաստանը չի պարտավորվում ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիային նրա տարածք արտաքին ներխուժման դեպքում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:  Այս մասին գրում  է «ZMAN.com» իսրայելական կայքը:

Այդ կերպ նա պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, կարող է  ռազմական օգնություն տրամադրել Սիրիային՝ համաձայն 1980 թ. Խորհրդային Միության և Սիրիայի միջև կնքված «Բարեկամություն և համագործակցություն» պայմանագրի, գրում է «BBC» լրատվական գործակալությունը:

Պայմանագրում ասվում է, որ  եթե երրորդ կողմը ներխուժի Սիրիայի տարածք, ապա Խորհրդային միությունը կներգրավվի այդ դեպքերին:

«Այդ հոդվածում, ինչպես և այդ փաստաթղթի մնացած բոլոր կետերում, ռազմական օգնություն տրամադրելու մասին խոսք չի գնում: Ռուսաստանը չի էլ պատրաստվում նման բան ձեռնարկել» ,-նշել է Լուկաշևիչը:

Թուրքական «Hürriyet DailyNews» լրատվական գործակալությունն էլ գրում է, որ մարտի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ՝ քննարկելու համար Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականությանն առընչվող հարցեր:

«Գլխավոր ընդդիմությունը քննադատում  է Թուրքիայի քաղաքականությունը, հատկապես ուղղված Սիրիայի ճգնաժամին»,-հայտնել է ներկաներից մեկը:

«Մենք դեմ ենք Սիրիայի ներկայիս վարչակարգին, որը բռնություններ է իրականացնում իր ժողովրդին: Սակայն անմիջական միջամտություն չպետք է լինի»,- «Hürriyet Daily News»-ին հայտնել է Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Օսման Քորութուրքը:

«Արտաքին քաղաքականության հաջողության համար կարևոր է ազգային միաբանությունը»,- հանդիպման ժամանակ լրագրողներին հայտնել է Դավութօղլուն` ավելացնելով, որ համաշխարհային համակարգը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ինչի հետևանքով  այս վերջին օրերը եղել են ճգնաժամային:

«Փոփոխությունների հսկայական գործընթաց է սկսվել, որտեղ մեծ հնարավորությունները գալու են մեծ դժվարություններին զուգահեռ, եթե հաշվի առնենք Թուրքիայի հարևանությամբ սկսված  տնտեսական և քաղաքական ճգնաժամը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում