Ս.Օհանյանը՝ ռազմական բժիշկներին. Դուք իրավունք չունեք թերանալու

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկել է ռազմաբժշկությանը նվիրված գիտաժողով: Բացման խոսքով հանդես է եկել համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը՝ նշելով, որ վերջին քսան տարիների ընթացքում ռազմաբժշկության ոլորտում հսկայական աշխատանք է կատարվել, սակայն անելիքներ դեռևս շատ կան:

«Հայոց բանակը 20-ամյա իր հոբելյանը դիմավորում է լուրջ ձեռբերումներով ու հաջողություններով: Մեզ պարտադրված պատերազմը սկսեցինք որսորդական հրացաններով, սակայն այսօր արդեն ունենք սեփական արտադրություն, և այսօրվա գիտաժողովը նպատակ ունի ապացուցելու, թե ի՞նչ ճանապարհ ենք անցել ու ի՞նչ ապագա ունենք առջևում»,- ասել է Դ.Դումանյանը՝ հավելելով, որ գիտաժողովում կքննարկվեն ռազմական բժշկության կայացման, անցած ուղուն ու նաև հետագա զարգացման հիմնախնդիրներին նվիրված մի շարք հարցեր:

Դ.Դումանյանը նաև հայտնել է, որ գիտաժողովի ընթացքում սահմանամերձ գոտիների և Արցախյան ազատամարտի ընթացքում, ինչպես նաև թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար ավելի քան 90 բժիշկներ կարժանան տարբեր պարգևների:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում անդրադարձել է Հայոց բանակի ստեղծման ճանապարհին հայ բժիշկների անուրանալի աշխատանքին.

«Հայոց բանակի ստեղծման վաղ շրջանում բժիշկները նույնպես մասնակցում էին պատերազմին, երբ սահմաններից ոչ հեռու բուժում և վիրահատում էին զինվորներին՝ իրենց ներկայությամբ փաստելով, որ երկիրն իրենց կողքին է»,- նշել է Պաշտպանության նախարարը՝ շեշտելով, որ հաճախ պատահել է, որ բժիշկները դիրքերի թույլատրելի սահմանից ավելի մոտ էին լինում՝ այդ հանգամանքը բացատրելով վիրավորներին շտապ բուժօգնություն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ս.Օհանյանը նաև հիշել է բոլոր այն բժիշկներին, ովքեր մարտնչել ու զոհվել են Հայոց բանակի շարքերում` նշտարը և զենքը ձեռքներին. «Մայիսյան հաղթական զինադադարին հաջորդած առաջին իսկ ամիսներին ստեղծվեց համալսարանի ռազմաբժշկության ֆակուլտետը, որը դարձավ ռազմաբժիշկների իսկական դարբնոց: Ֆակուլտետի շրջանավարտների թվում այսօր կան բուժծառայությունների պետեր, ԶՈՒ ռազմաբժշկության վարչության ավագ սպաներ և այլն»:

Նախարարը նաև նշել է, որ ռազմաբժշկության ֆակուլտետի կուրսանտների հետ նախարարությունն իրականացնում է կարևոր ու մեծածավալ ծրագրեր, կազմակերպում հայրենասիրական արշավներ և ցերեկույթներ:

«Այսօր մենք հսկայական միջոցներ ենք հատկացնում ռազմաբժշկության զարգացմանը, և դուք իրավունք չունեք թերանալու»,- շեշտել է Ս.Օհանյանը:

Նշենք, որ գիտաժողովին ներկա էին նաև ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ մի շարք պատգամավորներ, գեներալներ, սպաներ և այլն: 

1994 թվականի մայիսին կազմավորվեց ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետը, որն անցած տարիների ընթացքում 472 շրջանավարտ է տվել, նրանցից 30-ը` գերազանց առաջադիմությամբ։ Ռազմական բժշկության ոլորտում կատարվում են նաև գիտական հետազոտություներ նվիրված ԶՈՒ բուժապահովման բազմաթիվ հիմնախնդիրներին, պաշտպանվել են 5 դոկտորական և 14 թեկնածուական թեզեր։ 

ՀՀ սահմանամերձ շրջաններում և Արցախյան ազատամարտի տարիներին շուրջ 11 հազար ազատամարտիկներ ենթարկվել են տարբեր աստիճանի բարդության վիրահատությունների, իսկ նրանցից մոտ 8.900-ը կրկին ռազմի դաշտ է վերադարձել։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում