Գյուլ. Ռուսաստանը և Իրանը կմիացնեն իրենց ջանքերը Ալ-Ասադի վարչակարգը տապալելու համար

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը շուտով կհասկանան, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը տապալելու՝ միջազգային դիվանագիտական ջանքերին միանալուն այլընտրանք չկա: Այս մասին գրում է թուրքական «Todayszaman» պարբերականը:

Նշենք, որ Թուրքիան և Արևմտյան դաշնակից երկրները զայրացել էին Ռուսաստանի և Չինաստանի վրա, երբ վերջիներս վետո էին կիրառել Սիրիայի իշխանություններին դատապարտող և նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: Ռուսաստանի ԱԳՆ-ն գտնում էր, որ բռնությունները  պետք է դադարեցնեն թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, իսկ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։

«Պետք է սպասել և տեսնել, թե մինչև երբ  Ռուսաստանը կկարողանա իր վրա վերցնել այդ բեռը: Իմ կարծիքով երկար չի տևի»,-«Reuters»-ին տված իր հարցազրույցում ասել է Գյուլը:  «Սառը պատերազմի ժամանակ նման բաները գաղտնի էին կատարվում, իսկ այսօր ճիշտ հակառակն է: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանը կհասկանա, որ Սիրիայի վարչակարգին իր աջակցությունը կչարաշահվի»:

Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Սիրիա, բողոքի ալիքը գնալով մեծանում է, և հավանական է , որ կվերածվի քաղաքացիական պատերազմի:

Գյուլը նաև նշել է, որ Անկարան բանակցել  է Ալ-Ասադի մերձավոր դաշնակից Իրանի հետ՝ Դամասկոսի դեմ իրականացվող դիվանագիտական գործողություններին աջակցելու համար: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը և տարածաշրջանի երկրները պետք է համոզեին Ռուսաստանին և Իրանին՝ ճնշում գործադրելու Սիրիայի կառավարության վրա ընդունելու իրողությունը և դադարեցնելու բռնությունները:

Սիրիայում ցանկացած նոր վարչակազմ պետք է զիջման ուղիներ փնտրի ինչպես սուննի մահմեդականների և քրիստոնյաների հետ, այնպես էլ ալավիների, ովքեր եղել են Ալ-Ասադի իշխանության հիմնաքարը:

Հիշեցնենք, որ արդեն մոտ մեկ տարի է՝  Սիրիայում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը։ Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։ 2011–ի մարտից սկսած ցուցարարների և կառավարական անվտանգության ուժերի միջև բախումների պատճառով զոհվել են շուրջ 7.5 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում