Մեկնարկել է ՕԵԿ 10-րդ համագումարը

Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Օրինաց երկիր» կուսակցության 10-րդ համագումարը, որին ներկա են գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ՕԵԿ ղեկավար կազմը, կուսակցության ղեկավար և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ինչպես նաև` ԵՄ անդամ երկրների դեսպաններ:

Համագումարը մեկնարկել է քարտուղարության, մանդատային և ձայներ հաշվող հանձնաժողովի, ինչպես նաև խմբագրական հանձնաժողովի ընտրությամբ, որը ընդունվել է միաձայն:

Համագումարին ցուցադրվել է կուսակցության գործունեության մասին պատմող 8-րոպեանոց տեսանյութ, որից հետո ելույթ է ունեցել ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանը՝ ներկայացնելով նախկինում արածն ու առաջիկա անելիքները: 

«2008 թ.-ի ընտրություններից հետո կազմված կոալիցիայի շնորհիվ մենք կարողացանք մեր երկիրը զերծ պահել ցնցումներից: Այժմ կուսակցությունն ունի 150 հազար անդամ, և մենք պաշտպանելու են նախագահ Սարգսյանին, քանի որ նա թիվ մեկ պաշտոնյան է, որը ցանկություն ունի առաջ տանել այս երկիրը»,- ասել է Ա.Բաղդասարյանը:

Խոսելով քաղաքական ուժերի նկատմամբ ժողովրդի շրջանում վստահության բացակայությունից՝ ՕԵԿ նախագահը նշել է, որ հասկանում է այդ մարդկանց, քանի որ այդ ուժերը խաբել են ժողովրդին:

«ՕԵԿ-ը երբեք չի խաբել իր ընտրողներին: ՕԵԿ-ը հաճախ եղել է չհասկացված: Մենք ուզում ենք լինել առավել լսելի, առավել հասկացված, որպեսզի մեր գաղափարները և մարդկային մեր տեսակը լինի հասկացված»,- ընդգծել է նա:

Ա.Բաղդասարյանը նաև շեշտել է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրենք շատ անելիքներ ունեն, քանի որ մասնակցելու են ընտրություններին միայն հաղթելու նպատակով:

Համագումարին ներկայացված բանաձևի նախագծի հավելվածով փոփոխություն է մտցվում «Կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթները» բաժնում, որտեղ մասնավորապես նշվում է.

«Կուսակցությունը հավատարիմ է Հայաստանի` եվրոպական ընտանիքին ինտեգրվելու իր որդեգած քաղաքականությանը՝ նպատակ ունենալով կենտրոնացնել ջանքերը բարեփոխումների իրականացման ինտենսիվ գործընթացը շարունակելու և երկրում ազգաբնակչության պաշտպանվածությունն ու անվտանգությունն ապահովել համար:

Կուսակցության գաղափարախոսությունը նպատակաուղղված է Հայաստանում մարդակենտրոն հասարակական զարգացումներին` մարդու և նրա ընտանիքի արժանապատիվ կենսակերպի ու բարեկեցության, ընտանեկան կյանքի համար անվտանգ միջացավայրի, երեխաների համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմանը:

ԵԺԿ-ին կուսակցության կողմից դիտորդի կարգավիճակով անդամակցելու կապակցությամբ որոշվել է փոխել ՕԵԿ զինանշանը՝ այն համապատասխանեցնելով Եվրամիության զինանշանին: Այսինքն` կուսակցության զինանշանի սպիտակ ֆոնը փոխարինվել է կապույտով, ինչպես նաև աստղեր են ավելացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում