Բ.Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Ժակ Ֆորին (Ֆրանսիա):

Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է Ժակ Ֆորին` համանախագահ նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Այնուհետեւ կողմերը քննարկել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Առանց բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ բանակցային գործընթացի բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման: Միաժամանակ Նախագահը հատուկ նշել է, որ խոսք անգամ չի կարող լինել Արցախի անկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին:

Կողմերը անդրադարձել են նաեւ սահմանին տիրող իրավիճակին:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում