Ավարտվել է դեսպան Կ.Նազարյանի նախագահած ՄԱԿ-ի հատուկ կոմիտեի նստաշրջանը

Մարտի 1-ին Նյու Յորքում ավարտվել է ՄԱԿի կանոնադրության և կազմակերպության դերի բարձրացման հատուկ կոմիտեի 2012թ. նստաշրջանը, որը նախագահում էր ՄԱԿում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Հատուկ կոմիտեն կոչված է քննարկելու կառավարություններից ստացված առաջարկությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության եւ նպատակների իրականացման արդյունավետության բարելավմանը, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Ի թիվս օրակարգի այլ հարցերի, որոնք ներառում էին միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման եւ ապահովման, Կանոնադրության VII գլխի համաձայն պատժամիջոցների կիրառման արդյունքում վնասներ կրած երրորդ երկրներին աջակցություն ցուցաբերելու հարցում ՄԱԿի Կանոնադրության դրույթների կիրառման առաջարկությունները, Հատուկ կոմիտեի այս նստաշրջանում որոշվեց ՄԱԿի Գլխավոր ասամբլեայի ընդունմանը ներկայացնել բանաձև` նվիրված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մանիլայի հռչակագրի երեսունամյակին:

Այս բանաձևը, վերահաստատելով Մանիլայի հռչակագրի հիմնարար բնույթը, կոչ է անում անդամ երկրներին բարեխղճորեն կատարել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագրի դրույթները, որոնցում մեծապես կարևորվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անվերապահ իրականացումը, վեճերի կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ուժի կիրառման անթույլատրելիությունը և բացառումը,  տարածաշրջանային կառույցների ու միջնորդության դերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում