Սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ Արգենտինայում և Հունաստանում

Մարտի 4-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  Մայր տաճարում կատարվեց սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի, հաղորդում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ դրեցին տաճարի բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Այնուհետև Առաջնորդարանի սրահում տեղի ունեցավ հանդիսություն, որի մասնակիցները անդրադարձ կատարեցին 24 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձություններին և դատապարտեցին ոճրագործությունների կազմակերպիչներին: Ներկաների առջև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը:

Սումգայիթյան նամեղ զոհերին հիծատակել են նաև Հունաստանում: Մարտի 4-ին Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին հունահայ բոլոր հոգևոր առաջնորդները, ազգայինքաղաքական և հասարակականմշակութային կառույցների ներկայացուցիչներ: Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել:

Միջոցառումը սկսվեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությամբ: Այնուհետև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև ծաղկեպսակներ զետեղվեցին Հունաստանում ՀՀ դեսպանի, հունահայ կառույցների ներկայացուցիչների կողմից:

Նույն օրը սումգայիթյան ջարդերի զոհերին նվիրված պատարագ մատուցվեց Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցում, որին հաջորդեց եկեղեցու մոտ գտնվող խաչքարհուշակոթողի առջև ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Քսանթիի Ս. Աստվածածին եկեղեցում նույնպես պատարագ մատուցվեց  եւ ծաղկեպսակների զետեղում տեղի ունեցավ եկեղեցու տարածքում գտնվող խաչքարհուշակոթողի առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում