ՀՀ վարչապետը նույնպես շնորհավորել է Վլ.Պուտինին՝ մաղթելով նորանոր ձեռաբերումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ բաց և արդար պայքարում Ձեր տարած համոզիչ հաղթանակն ամուր հիմք է Ձեր ընտրած ուղու բարեհաջող իրագործման համար: Ընտրությունների արդյունքներն այն փաստի վկայությունն են, որ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդը լի է հասարակության հետագա վերափոխման և երկրի արդիականացման ճանապարհով շարժվելու համար անհրաժեշտ ներուժով և վճռականությամբ:
Համոզված եմ նաև, որ մեր պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերությունը նոր լիցք կստանա` զարգանալով մեր տնտեսությունների հետագա ինտեգրման ճանապարհով՝ ժամանակի թելադրանքին և սրընթաց փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան:
Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, նախանշված բոլոր գաղափարների իրականացում և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու և դժվարին պաշտոնում»:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արդեն ստոգվել են նախագահկան ընտրությունների քվեաթերթիկների 99.99%-ը: Արդյունքում՝ գործող ՌԴ վարչապետ, «Միացյալ Ռուսաստան» իշխող կուսակցության առաջնորդՎլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների ձայների 63,60 %-ը: Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը ստացել է ձայների 17,18 %-ը, միլիարդատեր գործարար, անկուսակցական Միխայիլ Պրոխորովը՝ 7,98%, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,22 %, իսկ Սերգեյ Միրոնովը՝ 3.86%:
«РИА Новости» գործակալության հաղորդմամբ՝ ավելի քան 45.58 միլիոն մարդ քվեարկել է Վլ.Պուտինի օգտին: ՌԴ նախագահն առաջին անգամ պաշտոնավարելու է 6 տարի ժամկետով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում