Զվարթնոց. «Արմավիա»-ն համաձայնության է եկել Ռոսնավիգացիա կազմակերպության հետ պարտքի շուրջ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն այսօրվա միջադեպի հետ կապված ևս մի հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Քիչ առաջ Արմավիա ավիաընկերությունը վերսկսեց իր չվերթերի սպասարկումը: Մեր ընկերության ունեցած տվյալներով Արմավիա ավիաընկերությունը համաձայնության է եկել Ռոսնավիգացիա կազմակերպության հետ պարտքի շուրջ: 

Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և Արմավիա ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը:

Հուսով ենք առաջիկայում, ինչպես մյուս ավիաընկերությունների, այնպես էլ Արմավիա ավիաընկերության ուղևորները կսպասարկվեն ժամանակին, առանց խափանումների, հավուր պատշաճի»:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե «Արմավիա» ավիաընկերությունն անժամկետ գործադուլ է հայտարարել՝ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից չափազանց բարձր գնային քաղաքականություն վարելու համար: Սակայն«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հերքել էր այդ պատճառը՝ նշելով.

«Ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:

Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում գործող սակագները:

Մեր ընկերությունը բացասական է գնահատում Արմավիա ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում