Իսրայելի վարչապետի կարծիքով՝ Իրանի վրա հարձակումը հնարավոր է ամիսների ընթացքում տեղի ունենա

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռուսատեսությամբ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ մի քանի ամսվա ընթացքում հնարավոր է, որ հարձակում տեղի ունենա Իրանի վրա:

«Մեն վայրկյանացույցը ձեռքներիս կանգնած չենք: Դա օրերի կամ շաբաթների հարց չէ, բայց նաև խոսքի չի գնում տարիների մասին: Հարձակման արդյունքը պետք է լինի Իրանի ձեռքերից միջուկային զենքի սպառնալիքի վերացումը»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Ինչպես հաղորդում է «Haaretz.com»-ը, Նեթանյահուն տարբեր հարցազրույցներ է տվել իսրայելական բոլոր երեք հեռուստաընկերություններին:

«Հուսով եմ՝ պատերազմ ընդհանրապես չի լինի, և Իրանի վրա ճնշումներն արդյունք կտան»,- նկատել է իսրայելցի վարչապետը՝ նշելով, որ Իրանի համար ամենալավ տարբերակը կլինի դադարեցնել միջուկային ծրագրերը և կասեցնել ուրանի հարստացումը: «Դա ինձ կերջանկացնի: Կարծում եմ՝ Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի կուրախանա այդ քայլից»:

«Խնդիրը պարզապես որոշում կայացնելը չէ, այլ՝ ճիշտ որոշում: Եթե դու այն չկայացնես և այնուհետև հաջողություն չունենաս միջուկային զենքի ստեղծման մեջ, ու՞մ պետք է հետագայում բացատրություն տաս. պատմաբանների՞ն, քեզանից մեծ սերնդի՞ն, թե՞ այն սերնդին, որն այլևս չի գա»,- հռետորական հարցեր է բարձրացրել Բ.Նեթանյահուն:

Իրանական միջուկային ծրագրերի մասին մեկ այլ հայտարարություն եղել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության կողմից (ՄԱԳԱՏԷ), որի համաձայն Իրանի միջուկային ծրագիրը զարգանում է՝ չնայած ԱՄՆ-ի և իր միջազգային գործընկերների բոլոր տնտեսական և քաղաքական ճնշումներին: Ինչպես հաղորդում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ՄԱԳԱՏԷ-ին, հարստացված ուրանի իրանական արտադրությունը լայնորեն տարածվել է վերջին ամիսների ընթացքում, մինչդեռ միջազգային էքսպերտները հնարավորություն չունեցան այցելել տեղանքները և հանդիպել գիտնականների հետ:

Նշենք, որ Իրանը բազմիցս շեշտել է իր միջուկային ծրագրերի խաղաղ նպատակների մասին՝ կոչ անելով Արևմուտքին պատժամիջոցներ կիրառելու փոխարեն նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում