Իրավաբան. Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն աճում է

Չնայած «Եվրատեսիլ» մրցույթի անցկացմաբ շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Ադրբեջանի բոլոր խոստումներին՝ իրավիճակն այնտեղ ավելի է վատթարացել: Այդ մասին Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (ԽԺԻ) տնօրեն Լեյլա Յունուսը հայտնել է ադրբեջանական «Թուրան» գործակալությանը:

Ըստ նրա` իշխանությունները լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիրների հանդեպ հալածանքները շատացել են, և արդյունքում քաղբանտարկյալների թիվն աճել է:

Վերջին ամսվա ընթացքում բանտից ազատ է արձակվել մուսաֆաթական Էլշան Հասանովը, սակայն նույն ժամանակահատվածում տարբեր ժամկետներով դատապարտվել են երեք ակտիվիստներ:

20 տարիների ընթացքում Ադրբեջանում պարբերաբար խմբերով մարդիկ են դատապարտվում պետական հեղաշրջման մեղադրանքով: Բայց, եթե 1990-ականների կեսերին դրանք զինվորականներ էին, ապա հետագայում այդ մարդիկ քաղաքացիական անձինք են` հավատացող երիտասարդ ակտիվիստներ: Ըստ որում այդպիսի «դավադրություններ» բացահայտվում են 3-5 տարվա պարբերությամբ (2000, 2005, 2007, 2011 թթ.):

Լ.Յունուսի համոզմամբ՝ բանտարկյալներին երբեմն դատապարտում են զավեշտալի մեղադրանքներով: ԽԺԻ-ի տվյալներով, Ադրբեջանում քաղբանտարկյալները ընդհանուր թիվը կազմում է 62 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում