Ս.Սարգսյան. ՀՀԿ-ն շարունակում է իր լուռ, առանց շեփորահարումների դերակատարությունը



«Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարևորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը` ներկայանալով որպես մեր կայացող պետականության և ամրացող նոր ավանդույթների յուրօրինակ մարմնացում: Եվ դա օրինաչափ է»,- այսօր ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: 

«Հանրապետական կուսակցությունը երկրի իշխող քաղաքական ուժն է անկախ Հայաստանի գոյության գերակշիռ հատվածում և իր գործընկերների հետ կարողացել է միշտ դեպի առաջ պահել երկրի ընթացքը` անկախ բոլոր ներքին ու արտաքին ցնցումներից, անկախ առաջընթացի ուղին փակող խութերից կամ կործանարար հոսանքներից: Շատ բան է փոխվել այս ընթացքում. նախագահներ են փոխվել, հասարակական-տնտեսական ողջ միջավայրն է փոխվել, արտաքին ու ներքին մարտահրավերներն են փոխվել, խնդիրներն ու դերակատարներն են փոխվել: Իսկ Հանրապետականը շարունակում է իր լուռ, առանց շեփորահարումների դերակատարությունը` հեռու պահելով մեր ընթացքը դեպի անդունդ տանող ճանապարհներից և մոմե թևերով արևին հասնելու գայթակղություններից: 

Հանրապետականն ամենուր է` հանրային կյանքի բոլոր ոլորտներում և երկրի բոլոր անկյուններում: Ու որպես այդպիսին նա իր սեփական կշռով է ունակ կասեցնելու բոլոր վտանգավոր ճոճքերը, հարթելու տատանումները և իր կշռի շնորհիվ էլ կայուն արագություն ու խոչընդոտների հաղթահարում ապահովելու երկրի ընթացքի համար: Այս տարիներին կուտակած հսկայական փորձով ու մշտապես ավելացող նոր ավյունով Հանրապետականը ներկան ու ապագան կապող ամուր օղակ է և պատրաստ է կանգնել անհանդուրժողականության կամ պառակտվածության, լճացման կամ թեթևամտության, օտար թշնամու կամ ներքին հուսալքության դեմ»,- ասաց հանրապետության և ՀՀԿ խորհրդի նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` գալիք խորհրդարանական ընտրություններում իրենք ժողովրդի դատին են ներկայանալու որպես անհատ համախոհների թիմ, որը նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության քվեն և ձևավորել կառավարություն: 

«Միգուցե սա դուր չի գալիս ոմանց, ովքեր չեն կարողանում համակերպվել մեր ժողովրդի քվեով մեր երկրում գերիշխող ազգային գաղափարախոսության հետ: Բայց սա իրողություն է, որը միայն օգուտ կարող է բերել Հայաստանին: Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, որը տեր է մեզնից յուրաքանչյուրի իրավունքների իրականացմանը և բոլորիս ազգային իղձերը կյանքի կոչելուն»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում