ՀՀԿ առաջնորդ. «Մենք պահպանել ենք այս երկրի կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում»

«2007 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին հաղթեց խորհրդարանական ընտրություններում «Քեզ համար Հայաստան» կարգախոսով: Այս տարիների ընթացքում հենց Հայաստանն է եղել գերագույն արժեքը մեր գործունեության և բոլոր մեր նախաձեռնությունների համար: Հինգ տարի շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը: Եվ դա իրողություն է իրականացվող քաղաքականության բոլոր հիմնական ոլորտների համար»,- ՀՀԿ համագումարում ասաց կուսակցության առաջնորդ և երկրի ղեկավարի Սերժ Սարգսյանը:

«Գաղտնիք չէ, որ Հանրապետականին պախարակելը ոմանք դարձրել են իրենց իբր թե բարձրաշխարհիկ զրույցների, քննարկումների և գրվածքների հիմնական թեման: Դժվար է հասկանալ այդ մոլուցքը և բացատրություն գտնել դրան, քանի որ նրանցից ոչ մեկը երբեք որևէ գաղափարախոսական խնդիր չի բարձրացրել: Եվ դա բնական է. դրված խնդիրը ոչ թե գաղափարական հակադրումն ու բանավեճն է, այլ մեր կուսակցության և մեր գաղափարների դեմ հասարակական պարզագույն հակակրանքի ու նախատրամադրվածության ստեղծումը: Բայց մենք չենք հակադարձում, և Աստված իրենց հետ»,- ասել է Ս.Սարգսյանը՝ շարունակելով՝

«Այո՛, մենք կառավարող կուսակցություն ենք, որը գիտակցաբար և կամովին ստանձնել է պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները: Այսօր Հանրապետական կուսակցությունը միավորում է գործնական արդյունքների ձգտող համախոհների: Այսօր մեզ հետ են բոլորը, ովքեր ցանկանում են որևէ բան փոխել մեր հայրենիքում և պատրաստ են հանուն դրա գիշերցերեկ աշխատել: Ընդ որում, մենք մեզ երբեք ամենագետի տեղ չենք դրել և անընդհատ համագործակցելու ենք հրավիրել դրան պատրաստ բոլոր ուժերին ու անհատներին: Այսօր մեր կուսակցության շարքերում միավորված են ամենատարբեր մարդիկ` բոլոր հնարավոր ոլորտներից: Մեզ հետ են, մեր կողքին են շինական և մշակ, գյուղացի և բանվոր, ձեռներեց և դասախոս, գիտնական և ծառայող` յուրաքանչյուրն իր տեղում և իր կարողությունների չափով նպաստելով Հայաստան երկրի և հասարակության ամրապնդմանը»:

Խոսելով ձեռքբերումների մասին` նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Մենք պահպանել ենք այս երկրի կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում և ամուր հիմքեր ենք գցել հետագա զարգացման համար: Մենք բացել ենք քաղաքական համակարգը և մերժել ենք անհատապաշտ առաջնորդների ումեծ փողի պարտադրանքն ու մենաշնորհը: Մենք փոխել ենք քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, չենք ընդունել այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունն ու վերականգնել ենք ընդդիմախոսների` բարի նպատակ և ազնիվ մղումներ ունենալու իրավունքը: Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ և դեմ գնացել ազատ խոսքի, այդ թվում նաև լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների, գարշելի երևույթին»:

Նշվածն ամփոփելով, ՀՀԿ առաջնորդն ասաց. «Այս ամենը և անցած տարիների ընթացքում մեր արածը մեզ թույլ են տալիս հպարտանալ անցած ճանապարհով: Հպարտանալ ու կրկին հրավիրել բոլոր հայրենասեր ուժերին և անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը:Այս հրավերը մեր ուժերի մեջ մեր վստահության ապացույցն է, որը մեզ թույլ է տալիս ամենայն համոզվածությամբ ասել`Հանրապետական լինելը պատասխանատվություն է, Հանրապետական լինելը պատիվ է, Հանրապետական լինելը հպարտություն է: Այս զգացումներով համակված ու տոգորված Հանրապետականը դեռ շատ անելիքներ ունի, նաև այն, ինչը չհասցրեցին անել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում