Ս.Սարգսյան. «Մենք ունենք հստակ ուղերձ աշխարհին. ցեղասպանության ուրացումն այդ ոճրագործության ուղղակի շարունակությունն է»

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունն իսկզբանե ուներ զարգացման երկու ճանապարհ, որոնցից առաջինով, ինչն ընդունելի էր և Հայաստանի և միջազգային հանրության համար, այն չզարգացավ և Հայաստան-Թուրքիա սահմանը դեռ մնում է փակ:  ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Միևնույն ժամանակ նա արձանագրեց, որ երկրորդ ճանապարհը, որով զարգացավ այդ նախաձեռնությունը, նույնպես կարևոր էր` մի քանի պատճառով. «Առաջինը` ինչպես հստակ ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ամրապնդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, երկրորդը` թույլ տվեց ամբողջ աշխարհին համոզվելու, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Անկարայում և մեկ այլ` իրեն մեջ գցող մայրաքաղաքում է, բայց ոչ Երևանում, և երրորդը` պարտադրեց Թուրքիային ստորագրել միջազգային փաստաթուղթ, որը բացառում է հարաբերություններ հաստատելու որևէ նախապայման»,- նշեց երկրի ղեկավարն ու ընդգծեց, որ չի նշում` ինչ նախապայման, քանի որ բոլորն էլ դրանից շատ լավ տեղյակ են:
Նախագահը նաև նշեց, որ այս օրինակն ապացուցում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը եղել է խիստ սկզբունքային և հաշվարկված: «Հետագայում ևս մենք հավատարիմ ենք լինելու այդ ուղեգծին: Շարունակելու ենք բարեխղճորեն կատարել մեր դաշնակցային և միջազգային պարտավորությունները, օգտագործելու ենք յուրաքանչյուր հնարավորություն միջազգային ներգրավմամբ մեր ազգային շահերն առաջ մղելու համար»,- վստահեցրել է նա:

«Մենք ունենք հստակ ուղերձ աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին. ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Հայաստանի և Սփյուռքի ջանքերի համադրմամբ շարունակվում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը: Մենք ունենք հստակ ուղերձ աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին. ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Հայ ժողովրդի դեմ իրականացված ոճիրը շարունակվում է այսօր: Հենց հիմա: Շարունակվում է` ժխտելով ակնհայտ փաստը: Հայության և ողջ մարդկության խնդիրն է դադարեցնել հանցագործությունը, որ ամեն օր, ամեն ժամ իրականացվում է մեր աչքի առաջ»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում