Հայ և չեխ բժիշկների միջև փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն

Մարտի 12-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար պրոֆեսոր Լեոշ Լեգերի հետ: Չեխ պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ ՉՀ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանում Չեխիայի դեսպանության մոտալուտ բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեց առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ բժշկագիտության տարբեր բնագավառների մասնագետների համար փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպման, առողջապահության կազմակերպման և կառավարման, բժշկական ապահովագրության  համակարգի ներդրման ոլորտներում: Հայաստանի դեսպանը կարևորեց վարակիչ հիվանդությունների վերաբերյալ պարբերական, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ՝ տեղեկատվության օպերատիվ փոխանակումը համագործակցաբար կանխարգելիչ և հակահամաճարակային անհապաղ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Իր հերթին պրոֆեսոր Լեգերը ներկայացրեց Չեխիայի առողջապահության համակարգի հետ համայնավարական զարգացման դժվարին ուղին` նշելով, որ դրա մակարդակն այժմ մոտեցել է Եվրոպայում լավագույնը համարվող գերմանական, ֆրանսիական և շվեյցարական համակարգերին: Առավել զարգացած ուղղություններից են սրտաբանությունը, վնասվածքաբանությունը և ուռուցքաբանությունը: Չեխիայում ստեղծվել է առողջապահական ապահովագրության առաջատար համակարգ: Զրուցակիցների համոզմամբ փորձի փոխանակումը փոխադարձ օգտակար և շահավետ կլինի կողմերի համար:

Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին առողջապահության միջազգային կազմակերպությունում հայ-չեխական համագործակցության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում