Հայ և կորեացի դիվանագետները քննարկել են երկկողմ հետաքրքրության և միջազգային հարցեր
Նմանատիպ
Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան /նստավայրը` Մոսկվա/ Վի Սոն Լակին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ Սերգեյ Մանասարյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Դեսպան Վի Սոն Լակը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-կորեական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման համար:
Փոխնախարար Մանասարյանը և Վի Սոն Լակը անդրադարձան քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակին:
Հատկապես կարևորվեցին փետրվարին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Կորեա այցի արդյունքները, մարտի 26-27-ին Կորեայում նախատեսվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը, մայիս-օգոստոսին Յոսու Կորեա 2012 համաշխարհային ԷՔՍՊՈ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը, միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Կորեայի միջև ակտիվ համագործակցությունը, ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդարանների միջեւ ձևավորված ջերմ համագործակցությունը:
Անդրադարձ կատարվեց Հայաստանում և Կորեայում այս տարի նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը։
Սերգեյ Մանասարյանը և Վի Սոն Լակը կարծիքներ փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում