Քաղաքապետարանն արձագանքում է Դալմայի այգու խնդիրներին
16/03/2012 12:11
Նմանատիպ
Վերջերս Երևանի քաղաքապետարանը և բանավոր, և գրավոր ձևով արձագանքել է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանի ահազանգին, որում ասվում էր, որ Դալմայի այգիներում վայրի կենդանիներ են սատկում:
Օրերս Ռուզան Ղազարյանը, տեղադրելով սատկած աղվեսի նկարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան պատին, խնդրել էր. «Դալմայի այգիներում սատկում են վայրի կենդանիները, խնդրում եմ, խորհուրդ տվեք, ու՞մ դիմեմ, ի՞նչ անեմ: Հարկավոր է շուտափույթ ձեռք առնել միջոցներ: Միգուցե, այս դժբախտը վերջինը չէ, եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Դալմայի այգիներում էլի կան կենդանիներ, որոնք ամենայն հավանականությամբ կեր չգտնելու ու ցրտի պատճառով բախտակիցը կդառնան այս խեղճ աղվեսին»:
Հիշեցնենք, որ «Դալմա-Սոնա» հիմնադրամն իրականացնում է բնապահպանական, գյուղատնտեսական ոլորտին վերաբերող ծրագրեր:
Բանավոր պատասխանում քաղաքապետարանը նշել է. «Ճիշտ է, Դալմայի այգիները ՀՀ կառավարության 25.03.2003թ. 1941-Ա որոշմամբ հանձնվել են Երևանի քաղաքապետարանին, սակայն, այդ նույն որոշմամբ, այդ այգիներից 256 հեկտարը թողնվել է որպես անտառ: Իսկ անտառային հողերի տերը մենք չենք: Աղվեսն էլ անտառի կենդանի է: Ուրեմն` աղվեսի հարցով դիմեք անտառների գծով պետական մարմնին»:
Քաղաքապետարանի գրավոր պատասխանում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, եթե հայտնաբերեք Երևան քաղաքում նման դեպքեր, ապա խնդրում եմ ահազանգել սանէպիդկայան մահացած կենդանուն մեկուսացնելու համար հետագայում վարակի տարածումը կանխելու համար: …Հնարավոր է ձյան առատ տեղումները և սննդի սակավությունը ստիպում է կենդանիներին դուրս գալ իրենց ապաստաններից և կեր հայթհայթել այլ վայրերում։ Այնուամենայնիվ, դիմել ենք համապատասխան կազմակերպություններին, հետագայում նշված դեպքերը կանխելու համար…»։
Հիշեցնենք, որ վերջերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ եւ լսել նրանց հուզող հարցերը` հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումների հետ կապված:
«Չնայած մայրաքաղաքի զարգացման համար կարևոր են քաղաքաշինական ծրագրերը, սակայն, հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքաշինական որևէ ծրագիր չի քննարկվի տնտեսվարողների հետ` մինչև հողօգտագործողների հարցը չլուծվի»,-նշել է քաղաքապետը:
2003 թ. մարտի 29-ին ՀՀ նախագահը վավերացրեց կառավարության թիվ 1941-Ա որոշումը` «Երևանի Դալմայի այգիների պահպանման և նպատակային փոփոխության ենթակա սահմանների մասին», որով նախատեսվում էր այգու պահպանված 750 հա գոտուց որպես կանաչապատ այգի թողնել ընդամենը 256-ը` այն վերածելով անտառային գոտու: Այժմ այգիների փոխարեն առանձնատներ են եւ բազմահարկ շենքեր: Արդեն 9-րդ տարին է, որ Դալմայի այգիների հողօգտագործողները պայքարում են իրենց իրավունքների վերականգնման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում