Գ.Վեսթերվելե. Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վարած բանակցությունները ԼՂ հիմնախնդրի հարցում

«Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները խոչընդոտում են ողջ տարածաշրջանի բարգավաճող և խաղաղ զարգացումը: Ստատուս քվոն չի կարող տևական իրավիճակ դառնալ: Խաղաղ լուծման դիվիդենտները հսկայական կլինեին Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար: Մենք այժմ կարիք ունենք փոխզիջումների, այլ ոչ առճակատման: Պահանջվում են խիզախ քայլեր և փոխվստահության ձևավորում»: Մեկնաբանելով ներկայիս իրավիճակը Հարավային Կովկասում՝ նման տեսակետ «Արմենպրես» գործակալության հետ հարցազրույցում արտահայտել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի լուծման հնարավորություն է տեսնում Հարավային Կովկասի կարևորագույն հիմնախնդիրներից մեկը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, և թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ, գերմանացի նախարարը նշել է. «Ամենավերին տեղում հակամարտության խաղաղ կարգավորումն է: Այդ պատճառով Գերմանիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, աջակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահներին իրենց միջնորդական ջանքերում: Միաժամանակ մենք հաջողությամբ աշխատել ենք՝ ի նպաստ Եվրամիության առավել ակտիվ դերակատարության: ԵՄ արտաքին քաղաքականության խորհրդի` փետրվարի վերջին արած եզրակացությունները և Եվրամիության` Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ հանձնակատարի մանդատը լավ հիմք կարող են ծառայել այդ հարցում: ԵՄ առավել ակտիվ դերակատարությունը պետք է ընդգրկվի Մինսկի խմբի ջանքերի շրջանակում: Ես ամենից առաջ մտածում եմ փոխվստահություն ձևավորող քայլերի կարևորության մասին»:

Հարցին, թե`վերջին շրջանում իրենց ինքնորոշումն իրացնող նոր պետություններ են ի հայտ եկել, և այդ քայլերին կողմ է արտահայտվել նաև Գերմանիան` օրինակ ճանաչելով Հարավային Սուդանն ու Կոսովոն: Արդյո՞ք սրանք կարող են նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի դե յուրե ինքնորոշման ճանաչման համար, Գ.Վեսթերվելեն ասել է. «Յուրաքանչյուր առանձին դեպք այլ է: Ուստի Գերմանիայի կողմից Կոսովոյի և Հարավային Սուդանի ճանաչումը չի կարող նախադեպ հանդիսանալ միջազգային այլ ճանաչումների համար: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Դաշնային Կառավարությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վարած բանակցությունների հետապնդած նպատակներին, այն է` հավասարակշռություն հաստատել տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքների միջև»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում