Մեկնարկել է ԲՀԿ համագումարը. Գ.Ծառուկյանն առաջարկել է ձևավորել մրցակցության քաղաքակիրթ մշակույթ

Այսօր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարը, որին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Համագումարին ներկա են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ-ից` Հրանտ Մարգարյանն և Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և այլոք:
Ներկա են նաև պատվիրակություններ ՌԴ-ից, Ուկրաինայից, Չինաստանից, Խորվաթիայից:
«Մենք պարտավոր ենք մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել ազատ և արդար ընտրություններ»,- համագումարին ելույթի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նաև նշել է, որ հաշվի առնելով ընտրությունների՝ մարտահրավեր լինելու հանգամանքը, պետք է ապահովել արդար մրցակցություն, իսկ արդար ընտրությունների շուրջ պետք է համախմբվի ողջ դաշտը:
«Այս ընտրություններից է կախված, թե ինչ երկիր ենք ունենալու, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացին զգա, որ իր քվեն պաշտպանված է»,- ընգծել է Գ.Ծառուկյանը:
ԲՀԿ ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց կուսակցությունն ամեն ինչ կանի ժողովրդին հուսախաբ չանելու համար.«Վստահ եմ, որ մենք ունենալու ենք բոլորի երազած բարգավաճ Հայաստանը- ասել է Գ.Ծառուկյանը՝ կոչ անելով ձևավորել մրցակցության քաղաքակիրթ մշակույթ, թշնամիներ չփնտրել, ինչպես որ ԲՀԿ-ն չի փնտրում և այդ դեպքում «ընտրություններից դուրս կգանք ավելի համախմբված»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում