Գ.Ծառուկյան. «ԲՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնելու փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը»
Նմանատիպ
«Աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի, և եթե մենք չենք կարողանում լուծել աշխատատեղերի, զբաղվածության խնդիրը, ապա մենք անընդհատ ստիպված ենք լինելու պայքարել աղքատության դեմ»: Այսօր կայացած ԲՀԿ համագումարում սոցիանական խնդիրների մասին խոսելիս ասել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Խոսելով արտագաղթի խնդրից՝ Գ.Ծառուկյանը նշել է, որ պետք է պայմաններ ստեղծել, համապատասխան հնարավորություն ընձեռել, որ աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին, բարիք ստեղծի մեր երկրում ու արժանավայել կարողանա պահել իր ընտանիքը: «Մեր երիտասարդներն իրենց ապագան պետք է տեսնեն ու կառուցեն հայրենիքում»,- ընդգծել է ԲՀԿ առաջնորդը:
Անդրադառնալով 2008 թ.-ի ֆինանսա-տնտեսական ճգնաժամին և դրա հետևանքին՝ ԲՀԿ ղեկավարը նկատել է, որ այն իր ազդեցությունը թողեց բոլոր երկրների վրա. «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում կառավարություններն իրենց գործարարներին և հատկապես միջին ու փոքր ձեռներեցներին, գյուղացիներին օգնության ձեռք մեկնեցին, գտան օժանդակության տարբեր մեխանիզմներ, որպեսզի մեղմեն նրանց վիճակը»:
Այս առումով Գ.Ծառուկյանը դժգոհություն է հայտնել, քանի որ, ըստ նրա՝ փոքր և միջին բիզնեսի մեր գործարարները նմանատիպ աջակցության չեն արժանացել. «Եթե խոշոր գործարարը կարող է ինչ–որ մի ժամանակ շահույթ չունենալ, անգամ աշխատել վնասով, ապա փոքր և միջին ձեռներեցի համար սա դառնում է լինել–չլինելու խնդիր: Պետությունը պետք է այդ խավին որոշակի հարկային և այլ արտոնություններ տար, աջակցեր: Հայտնի ճշմարտություն է, որ փոքր բիզնեսն այն միջավայրն է, որից ծնվում և կայանում են խոշոր գործարարները»:
ԲՀԿ առաջնորդը նաև նկատել է, որ փոքր և միջին բիզնեսը նպաստում է երկրում միջին խավի կայացմանը: Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ի առաջիկա հինգ տարիների ծրագրի մեջ է մտնում հատուկ ուշադրություն դարձրել փոքր և միջին ձեռներեցության զարգացմանն ու դրա պետական հովանավորչության մեխանիզմներին:
«Մենք պետք է սկզբնական կապիտալիզմից անցնենք մարդկային կապիտալիզմին, այսինքն, ժողովրդական կապիտալիզմին, որի բարիքներից կօգտվեն ոչ թե ընտրյալները, այլ ողջ ժողովուրդը: Համակարգային մեր բոլոր փոփոխությունների հիմքում պետք է լինի մարդը: Նա պետք է լինի երկրի գլխավոր հերոսը: Մեր երկրի գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկը, պաշտոնյան, այլ այն մարդը, ով բարիք է ստեղծում երկրի համար, մեր ժողովրդի համար:»,- ասել է Գ.Ծառուկյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում