ՀՀ-ում Իրանի դեսպանությունը կրկին երկխոսության կոչ է անում ԼՂ հակամարտության հարցում
19/03/2012 13:52
Նմանատիպ
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ հերթական անգամ շեշտելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ երկխոսությունն է:
«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը ևս մեկ անգամ շեշտում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չի փոփոխվել և հավատացած է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միմիայն երկխոսության միջոցով: Իրանի քաղաքականությունը բոլոր հակամարտությունների առնչությամբ մշտապես հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու եւ հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա: Իրանը, ընդհանուր սահման ունենալով հակամարտության գոտու հետ, իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում լարվածություն և ցանկացած տեսակի բախում ստեղծելու կապակցությամբ»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մարտի 7-ին Նախիջևանում կայացած Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` միջազգային նորմերի շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում