Ջավախքում «անկախ պետության ստեղծումը» սպառնալիք չէ Վրաստանի ԱԳՆ-ի համար

Վրաստանի Արտգործնախարարությունը սպառնալիք չի տեսնում երկրում ևս մեկ «անկախ պետության ստեղծման» մեջ՝ ի դեմս Ջավախքի: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Քալանդաձեն՝ մեկնաբանելով Ռուսաստանում գործող «Ջավախքի սփյուռք» հասարակական կազմակերպության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, թե Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի բխում Հայաստանի շահերից և որ արդյունքում Վրաստանում կստեղծվի ևս մեկ «անկախ պետություն»` ի դեմս Ջավախքի: Այս մասին տեղեկացնում է «apsny.ge» կայքը:
«Ինձ համար դժվար է մեկնաբանել առանձին մարդկանց հայտարարությունները, չնայած մենք լավ գիտենք, թե ինչպիսին է իրավիճակը Վրաստանի յուրաքանչյուր շրջանում, այդ թվում էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում: Մենք լավ հարաբերություններ ունենք ոչ միայն Հայաստանի հետ, այլև Վրաստանում բնակվող էթնիկ հայերի: Այդ իմաստով իրական խնդիր չենք տեսնում», – ասել է Քալանդաձեն:
Մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, թե Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի բխում Հայաստանի շահերից, Քալանդաձեն նշել է, թե Հայաստանն ինքը համագործակցում է դաշինքի հետ «և դժվար է պատկերացնել, թե ինչու վրաստանաբնակ էթնիկ հայերը որպես սպառնալիք են ընկալելու Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին»:
«Հնարավոր է այդ սպառնալիքը գործում է հայերի հետևում կանգնած ռուսական հատուկ ծառայությունների համար, որոնք շահագրգռված են Վրաստանում էթնիկ խմբերի դիմակայությամբ: Իմ սուբյեկտիվ կարծիքով, նմանատիպ շահարկումներն այլ ուժերից են գալիս, ոչ թե Վրաստանում բնակվող հայերից», – համողմունք է հայտնել Ն.Քալանդաձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում