Բաց նամակ պաշտպանության և առողջապահության նախարարներին

Արցախյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վարդան Վարդանյանը բաց նամակով դիմել է Պաշտպանության և Առողջապահության նախարարներին՝ խնդրելով վերականգներ իրեն հասանելիք թոշակը: Times.am-ը ներկայացնում է քաղաքացու նամակն ամբողջությամբ.

«Հարգարժան պարոնայք Օհանյան և Քուշքյան,

Կորցնելով նամակների միջոցով հարցիս լուծումն ակնկալելու վերջին հույսը, որպես վերջին միջոց, դիմում եմ Ձեզ այս բաց նամակով:

Ես` Վարդան Վարդանյանս, 1994թ. մարտին որպես կամավոր զորակոչվել եմ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանից` մասնակցելու Արցախյան մարտերին: Ծանր վիրավորվել եմ 1994թ. մայիսի 3-ին: Առաջին օգնություն ստացել եմ Մեծ Շենի վրանային (շարժական) հոսպիտալում: Արթիկ տեղափոխվելուց հետո տեղի բուժանձնակազմը` տեսնելով վերքի վտանգավորության աստիճանը, ուղարկեց ինձ Երևանի զինվորական հոսպիտալ, ուր վիրաբույժ Ժամագործյանի կողմից կատարվեց վիրահատություն և նշանակվեց հաշմանդամության երկրորդ կարգ, որը ստացել եմ 1994 թվականից: 1999ին այն կտրել են` պատճառաբանելով, թե «վերքը փակ է» այն դեպքում, երբ բուժող բժիշկները նշել են, որ վերքը գործող է և բացելուց հետո այն չի փակվի (բժշկական տերմինաբանությամբ` «խրոնիկական օստեոմիելիտով, հաճախակի սրացումով»), ինչի մասին ունեմ փաստաթղթեր: Այս ընթացքում մի քանի անգամ դիմել եմ թոշակավորման համար, սակայն ստացել բացասական պատասխան: Ես ի վիճակի չեմ ծանր աշխատանք կատարել և ընտանիք պահել`թեք կպած, անընդհատ գործող և բեկորներից սուր ցավերի պատճառով: Խնդրում եմ Ձեր միջամտությունը` վերականգնելու թոշակս:

 Հարգանքներով` Վարդան Վարդանյան

Շիրակի մարզ, Արթիկ, Մաշտոցի փողոց 1-ին նրբ. տուն 9

Հեռ.` (093) 368-408»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում