Վերջին տարիներին Հայաստան այցելող իտալացի զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է

2012թ. մարտի  20-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում ունեցավ Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության և սպորտի նախարար Պիեռո Գնուդիի հետ, որի ընթացքում քննարկեց նշված բնագավառներում հայ-իտալական համագործակցության խորացման հետ կապված հարցեր:

Դեսպանը նախարար Գնուդիին տեղեկացրեց այն մասին, որ վերջին տարիներին երկու երկրների միջև 2009թ. ի վեր օդային ուղիղ կապի հաստատումից հետո զգալիորեն  մեծացել են զբոսաշրջության ծավալները: Այս ընթացքում իտալացի զբոսաշրջիկների թիվը գրեթե եռապատկվել է` 2011թ. կազմելով Հայաստան այցելող ողջ զբոսաշրջիկների շուրջ 18 տոկոսը, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Դեսպանը տեղեկացրեց նաև, որ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել են զբոսաշրջության ոլորտի հայ-իտալական երկու համաժողովներ Վենետիկում և Կալյարիում, ինչպես նաև «Սուրբ Ղազարից մինչև Հայաստան» նախագծի շրջանակներում ս.թ. մարտի 30-ին Երևանում  նախատեսվում է անցկացնել «Հայաստան Զբոսարջության զարգացման հնարավորությունները» գործարար համաժողով:

Կողմերը կարեւորեցին ընթացիկ տարվա նոյեմբերին Իտալիայի Պեստումի հեղինակավոր 15-րդ միջազգային հնագիտական զբոսաշրջության ցուցահանդեսին Պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությունը:

Զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության ոլորտում իրավա-պայմանգային դաշտի ձեւավորման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Իտալիայի նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության սերտացումը: Գոհունակությամբ արձանագրվեց, որ վերջին երկու տարվա ընթացքում  համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Իտալիայի և Հայաստանի 6 վարչատարածքային (մարզային և քաղաքային) միավորների միջև:

 Զրուցակիցների կողմից հատուկ ընդգծվեց սպորտի բնագավառում համագործակցության զարգացման համար առկա հնարավորությունները: Այս կապակցությամբ, Ռուբեն Կարապետյանը նախարար Գնուդիին հրավիրեց այցելել Հայաստան` հոկտեմբերի 9-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա խաղը դիտելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում