Աթենքում բացվել է «Հիշելով Վիլյամ Սարոյանին» խորագրով ցուցահանդեսը
Նմանատիպ
Մարտի 19-ին Աթենքում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ «Հույն-հայկական հետազոտությունների կենտրոնի» գործակցությամբ Հունաստանի ազգային գրադարանի կենտրոնական սրահում տեղի է ունեցել «Հիշելով Վիլյամ Սարոյանին» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվողներին իր ողջույնի խոսքն է ուղղել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ Ազգային գրադարանի խորհրդի նախագահ, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Խառալամպոս Մուցոպուլոսը եւ գրադարանի գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Անտոնյա Արախովան, ինչպես նաեւ «Հույն-հայկական հետազոտությունների կենտրոնի» քարտուղար Հովսեփ Քասեսյանը:
Վիլյամ Սարոյանին նվիրված բանախոսություններով ելույթ են ունեցել հույն գրող-ակադեմիկոս Թանասի Վալտինոսը եւ Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ֆոտիոս Դիմիտրակոպուլոսը:
Ցուցադրվել են Վիլյամ Սարոյանի բեղմնավոր գործունեությունը ներկայացնող գրքեր, նկարներ, լուսանկարներ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ ընթերցվել են հատվածներ մեծ գրողի ստեղծագործություններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում