Մայր Աթոռում քննարկվել է Էջմիածնի և Վատիկանի միջև ձևավորված սերտ համագործակցությունը

Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում և Վրաստանում նորանշանակ պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս  Սոլչինսկուն:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամլո գրասենյակից, զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մարեկ արքեպիսկոպոսին նշանակման առիթով` հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հարաբերություններին, մասնավորապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև ձևավորված սերտ համագործակցությանը: Վերհիշելով Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան 2001թ.` Նորին Սրբությունն իր խոսքում ընդգծեց, որ նման փոխադարձ այցելությունները նորոգում և ամրապնդում են երկու Եկեղեցիների կապերը: Այդ առումով կարևորվեցին նաև շփումները և համագործակցությունը  թեմական և ծխական մակարդակի վրա:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում