Նախագահ. «Հանճարեղ ու հրաշագործ այս իտալացին Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամն էր»

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ: Համաշխարհային լեգենդի ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ցավով ընդունեցի Տոնինո Գուերայի մահվան լուրը: Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը:
Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործությունները ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգևում ոչ միայն հայրենի Իտալիային, այլև ողջ աշխարհին:
Հանճարեղ ու հրաշագործ այս իտալացին Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Մեր երկիր կատարած նրա այցելություններն իրենց հետքն են թողել մեր ստեղծագործ ժողովրդի սրտում ու հոգում: Փոխադարձաբար, Հայաստանն էլ հուզել ու ներշնչել էր մեծն Տոնինոյին այնքան, որ նա իր հրաշալի պոեմն էր ձոնել մեր երկրին ու մեր ժողովրդին:
Հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ և ձեր բարեկամներին, Իտալիայի ողջ ժողովրդին: Կորուստը մեծ է ու ցավալի: Մեր միակ մխիթարանքն այս պահին Տոնինո Գուերայի հանճարեղ ստեղծագործություններն են, որ մեզ հետ են և ուղղված են Հավերժին»:

Աշխարհահռչակիտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերան կյանքից հեռացավ մարտի 21-ին՝ 92 տարեկան հասակում:

Նա եղել է 100-ից ավելի ֆիլմերի սցենարների հեղինակ: Սցենարներ է գրել մի շարք հանրահայտ ռեժիսորների համար, ինչպես օրինակ՝ Ֆեդերիկո Ֆելինին, Միքելանջելո Անտոնիոնին, Անդրեյ Տարկովսկին, Լուկինո Վիսկոնտին, Ֆրանչեսկո Ռոզին, Թեոդորոս Անգելոպուլոսը և այլոք, ովքեր միաժամանակ եղել են նրա ընկերները:

Գրել է ավելի քան 100 ֆիլմերի սցենար, որոնցից շատերը համարվում են դասական գործեր: Ներկայացվել է «Օսկարի»՝ «Կազանովա», «Ամարկորդ» և «Ֆոտոխոշորացում» ֆիլմերի համար: Նրա սցենարով ֆիլմերը 8 անգամ ստացել են Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը:

2006 թ-ին Գուերան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրի կարգավիճակով այցելել էր Հայաստան:

2010 թ-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել` աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերային Պատվո շքանշանով պարգևատրելու մասին: Շքանշանը տրվել էր հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար և ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում