Նախընտրական կրքեր թիվ 7 ընտրատարածքում. Ս.Սաֆարյանը անդրադարձել է ՀԱԿ ներկայացուցիչների զարմանքին

Նախընտրական կրքեր են բորբոքվել Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների և նրանց համակիրների միջև:

Այս ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունն նախ առաջադրել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) թեկնածությունը: Այստեղ առաջադրվել է նաև անկուսակցական Վարդան Վարդանյանը, ով աշխատում է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում: Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանն իր բլոգի միջոցով տեղեկացրել էր, որ ինքը նույնպես առաջադրվել է Երևանի թիվ 7 ընտրատարածքում: Այս ընտրատարածքում նախօրեին վերջին պահին առաջադրվել է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը խիստ զարմացրել է Ն.Փաշինկանին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Ն.Փաշինյանի ու ՀԱԿ այլ ներկայացուցիչների` Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման վերաբերյալ արձագանքներին. 

«Ինձ թվում էր, թե այս ժամերի ընթացքում կրքերը կհանդարտվեն 7-րդ ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրման կապակցությամբ: Բայց, ավաղ, տեսնում եմ` րաֆֆիաֆոբիան ու ժառանգությունաֆոբիան խրոնիկական է ու անբուժելի ստադիայում: Սաստիկ «ընդդիմադիր» ոմանք արդեն Գագիկ Շամշյանի ֆոտոարխիվն են «լայնորեն» տարածում` կարծելով թե վարկաբեկում են Րաֆֆի Հովհաննիսյանին: 

Ու ակամայից հիշեցի մոտակա օրերը, երբ տատանվում էի` թե որ ընտրատարածքում առաջադրվել` 1-ին, թե 2-րդ, քանի որ ռեսուրսներիս կեսը 1-ին ընտրատարածքում է, մյուս մասը` 2-րդում: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որ ինձ շատ հասկանալի ակնարկով հարցրեց` «ՀԱԿ-ից Վլադիմիր Կարապետյանը ո՞ր տարածքում է առաջադրում, 2-րդում չէ՞, լավ ծանրութեթև արա առաջադրումդ»: Եվ նաև այդ պատճառով առաջադրվեցի 1-ին ընտրատարածքում: Ու տեսնում ես, թե ընդիմադիր խաղացողների մի խումբ ինչեր է անում այս տարածության մեջ…. Չեն հասկանում, որ խորտակում են հենց իրենց: Խորտակելը մեղմ է` թաղում են:

Ապերախտությունը անսահման է: Աղուհացը, իսկապես, քաղաքական կատեգորիա չէ: Ըստ իրենց` Րաֆֆին ու «Ժառանգություն»-ը միշտ պարտավոր են… չհիշեմ 2003-ը, 2004-ը… 2008-ին պարտավոր էինք Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանել, 2009-ին` ՀԱԿ-ի պատճառով չառաջադրվել Երևան քաղաքի ավագանու ընտրություններում, 2010-ին թե 2011-ին նորից Նիկոլ Փաշինյան և այլն…. Շատ չեղա՞վ:

Մի քանի հարց տամ` այդ ո՞ւմ և ե՞րբ եք դուք պաշտպանե՞լ: Ե՞րբ եք պատրաստվում վերադարձնել ձեր պարտքը: Ինչո՞վ է պայմանավորված, որ վերջերս ձեր «ընթացքի» մեջ անընդհատ ավելի շատ բախվում եք «Ժառանգության» ընթացքին, քան իշխանություններին` ձեր սիրելի ավազակապետությանը: Կարծես թե քաղաքավարի բաժանվել էինք ու ամեն մեկս մեր ճանապարհն ենք գնում, չէ՞: Ո՞վ է Ձեզ ասել, թե ընտրատարածքները, որտեղ մենք առաջադրվել ենք. Ձերն են: Եթե իշխանություններից օժիտ եք ստացել, պարզ ասեք, բոլորս իմանանք: Բավակա՞ն չէ, անդաստիարակությունը շփոթեք քաղաքականության հետ: Չեք կարողանում ձեզ քաղաքավարի պահեք ընդհանուր տարածքում` կամ գնացեք ադնակլասնիկ, կամ մի գետտո բացեք, մեր հետ մի շփվեք: 

Մի քանիսը փորձում են շրջանառության մեջ դնել, թե /պինդ բռնվեք/ Րաֆֆի Հովհաննիսյանը մշտական բնակություն չունի Հայաստանում: Ո՞վ է Ձեզ ասել, դա: Ո՞ր մեկդ եք Հովհաննիսյանի անկողնում քնում, որ արդեն բոլոր հնարավոր սահամններն ու չափերն եք անցնում: Գոնե ձեր ջանին նեղություն տվեք, այցելեք «Ժառանգության» կայքէջ, որտեղ կարող եք հաշվել, թե տարվա 365 օրից քանի օրն է նա գործուղման մեջ եղել: Դուք հո կլյաուզնիկ չեք ծնվել կամ պատահաբար դա հո Ձեր կոչումը կամ մասնագիտությունը չի՞: Էս ի՞նչ եք հուշում իշխանությանը: Չգրանցե՞լ Րաֆֆիի թեկնածությունը: Այդքան լա՞վ եք համագործակցում: Չեք կարող, իրենք էլ չեն կարող: Էս ժամանակակից աշխարհում ամեն մեկիս կողմից ՀՀ սահմանը անցնելու փաստերը լրիվ արջձանագրվում են միջազգային ցանցում, ու մեծագույն ցանկության դեպքում ոչ դուք, ոչ իշխանությունը այդ օրերի թիվը բոլորը միասին չեն կարող ավելացնել 1 ամսից: Էս ի՞նչ խաղերի մեջ եք իշխանության հետ: Էս ի՞նչ ակնարկներ եք անում:

Ի՞նչ է ուզում ասած լինի Նիկոլ Փաշինյանը իր կեսգիշերային հայտարարությամբ: Դժգոհում է, թե ինքը Րաֆֆու առաջադրման մասին ԿԸՀ ամփոփագրից է իմացե՞լ: Բայց ո՞վ է պարտավորություն ստանձնել, որ իր համար հատուկ հաղորդագրություն է տարածելու: Այդ ի՞նչ ժամահաշվարկ է կատարում: Որ` ի՞նչ: Ես իմ գործերը ուղիղ 5 րոպեում եմ հանձնել թիվ 1 ԸԸՀ-ում: Ոչ իմ, ոչ հանձնաժողովի համար դժվար չէր հանձնել-ընդունել մի էջ դիմում` 5 առդիր էջ, գրանցել ու ստացական տալը: Մանավանդ, որ ինքն էլ է ասում, որ 7-րդ ԸԸՀ է գնացել 16:50 ու դուրս եկել 17-անց ինչ-որ բան, արդյոք դա նշանակում է, թե մինչև 18:00-ն այլևս հնարավոր չէր հանձնելը: Կամ ինչ ասե՞լ է «խորհրդարանական խմբակցության լիդեր»: Պատահակա՞ն է բաց թողնում իր տեքստից այնպիսի բաներ, ինչպիսիք են ընդդիմադիր ու կուսակցություն բառերը: Էս խունջիկ-մունջիկները ո՞րս է: Մելանյա Բարսեղյանը լավ էր գրել` մի քիչ էլ տղա եղեք…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում