Եթովպիայի դեսպան. «Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ փոխգործակցության ձևավորմամբ»
Նմանատիպ
Մարտի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Եթովպիայի ժողովուրդներին միավորում են պատմական, մշակութային կապեր, կրոնական ընդհանրություններ, որոնք լավ հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություններ մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ձեւավորմամբ եւ զարգացմամբ, եւ վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ գործընկերության խթանման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, տնտեսական փոխգործակցության եւ մշակութային կապերի ակտիվացումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, Հարավային Կովկասում ընթացող գործընթացների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում