Էդ.Նալբանդյան. «ՄԱԿ-ին անդամակցությամբ Հայոց պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում»
Նմանատիպ
Երեկ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպվել էր Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20 ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՄԱԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, նախարար Նալբանդյանն իր խոսքում ասել է. «Յուրաքանչյուր պետության և ժողովրդի կյանքում կան իրադարձություններ և տարեթվեր, որոնք առանձնանում են իրենց խորհրդով և կարևորությամբ:
Մեր ժողովրդի արդի պատմության այդ շրջադարձային տարեթվերի շարքին է դասվում 1992թ. մարտի 2-ը. Այդ օրը Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ:
Դրանով միջազգային ճանաչում էր ստանում 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ամրագրված հայ ժողովրդի կամքը` կերտելու իր անկախ պետականությունը: ՄԱԿ-ին անդամակցությամբ Հայոց պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում:
Դրանով միջազգայնորեն ճանաչվում էր նաև ազգերի ընտանիքում լիարժեք կերպով ընդգրկվելու մեր պետության կամքն ու վճռականությունը:
Եվ պատահական չէ, որ Հայաստանի առաջին մշտական դիվանագիտական ներկայացուցչությունը բացվեց Միավորված ազգերի կազմակերպությունում:
Բազմախորհուրդ է ՀՀ կառավարության` երեկ կայացրած և այսօր ուժի մեջ մտած որոշումը, որով մարտի 2-ը սահմանվում է Հայաստանի Հանրապետության դիվանագետի օր»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:
Ընդունելության ընթացքում տեղի ունեցավ նաև ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը:
Միջոցառմանը հանդես եկավ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած` «Հայաստանի փոքրիկ երգիչներիե երգչախումբը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում