ՀՀԿ պատգամավոր. «Հայաստանի մասնակցությունը Եվրանեսթի այս նիստին շատ կարևոր է»

Այսօր «Սլաք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր  Հովհաննես Սահակյանն անդրադարձել է ընտրական գործընթացներին ինչպես նաև ապրիլի 1-ին  Բաքվում կայանալիք Եվրանեսթին հայկական պատվիրակության մասնակցության հարցին:

«ՀՀԿ ցուցակը բավական լայն է և ընդգրկուն: Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի ցուցակների` դրանում ներգրավված են բավական թվով նոր մարդիկ: Մեր ցուցակը բավական լուրջ քննարկումների արդյունք է»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ իր տեղի հետ կապված որևէ բարդույթ չունի, և որ ավելի կարևորն այն է, որ ՀՀԿ-ն կարճաժամկետ քաղաքական ուժ չէ և դեռ շատ անելիքներ ունի:

ՀՀԿ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ իրենց կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին ներկայացրել է միայն այն ընտրատարածքներում, որտեղ վստահ է իր հաղթանակի վրա։ Հ.Սահակյանը նաև համոզմունք է հայտնել, որ  հիմնական ընտրապայքարը ծավալվելու է այն քաղաքական ուժերի միջև, որոնք համեմատաբար մեծ ընտրազանգված ունեն, իսկ այդպիսի ուժեր, ըստ բանախոսի, բացի ՀՀԿ-ից «Ժառանգություն»-ը և ՕԵԿ-ն են։

Հ.Սահակյանը անդրադարձել է վերջերս «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ընկերության կողմից իրականացված հարցմանը, որի համաձայն ԲՀԿն առաջատար դիրքերում է: Նրա կարծիքով՝ սոցհարցումների վերաբերյալ իրական պատկերը կլինի քարոզարշավից հետո. «Սոցհարցումների վերաբերյալ իրական պատկերը կլինի քարոզարշավից հետո, երբ կտեսնեք, որ քաղաքական թիմն ինչպես է գնում քարոզչության: Քարոզարշավից տաս օր առաջ կարող ենք ունենալ քիչ թե շատ իրական պատկեր: Նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ ՀՀԿի վարկանիշը բարձրանում է քարոզարշավի մեկնարկից տաստասհինգ օր անց»:

Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա քայլը, երբ վերջինս հայտարարեց իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից հանելու մասին, Հ. Սահակյանը ընդգծել է, որ սա խոսում է այն մասին, որ «ընդդիմությունը պատրաստվում է քաղաքակիրթ պայքարի»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև շեշտել է գալիք խորհրդարանական ընտրությունների կարևորությունը, որոնք «մեկնարկ են և հաջողության երաշխիք՝ նախագահական ընտրությունների համար»:

Խոսելով Եվրանեսթի Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի երկրրդ լիագումար նիստից՝ Հ.Սահակյանը նշել է, որ այն կայանալու է Բաքվում. «Մեր խորհրդարանական պատվիրակությունը մասնակցելու է իր ամբողջ կազմով` 10 պատվիրակներով»:

Ըստ պատգամավորի՝ հայկական կողմի մասնակցությունն այդ նիստին կարևորվում է երկու հանգամանքով. նախ՝ հնարավոր է, որ Բաքվում քննարկվեն ոչ հայանպաստ բանաձևեր, և երկրորդ` հայկական կողմը դրանով ցույց է տալիս, որ բաց է բանակցությունների և քննարկումների համար:

Հ. Սահակյանը նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն իրենց անվտանգության երաշխիքներ է տվել։ Չնայած դրան, բանախոսի հավաստմամբ, Ադրբեջանի ազգային ճակատն արդեն հայտարարություններ է տարածել, որ հայերի մասնակցության դեմ դեմարշ են կազմակերպելու։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում