Ս.Օհանյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում
27/03/2012 12:18
Նմանատիպ
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետտայի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամլո գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Քարտուղար Պանետտան ողջունել է պաշտպանական բնագավառում Հայաստանում իրականացվող բարեփոխումները և հաստատել է այսուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը, շնորհակալություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելություններին Հայաստանի նշանակալից աջակցության համար:
ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանը հստակ քայլերով շարունակելու է իրականացնել Զինված ուժերի զարգացման ծրագիրը, ինչի ընթացքում ակնկալելու է բոլոր գործընկերների, ներառյալ ԱՄՆ աջակցությունը: Սեյրան Օհանյանը հաստատել է նաև միջազգային կոալիցիոն գործողություններին հայ խաղաղապահների ներգրավվածությունը շարունակելու պատրաստակամությունը:
Վաշինգտոնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեվիդ Պետրեուսի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի և Էնդրյու Շապիրոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Ամերիկյան կողմը կրկին բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանական բնագավառում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում