«Ժառանգություն»-ը ներկայացնում է «Ուխտ Նոր Հայաստանի» հռչակագիրը

Նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական եւ հասարակական գործիչների, քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հավաքը, հայտնում են «Ժառանգության» մամլո ծառայությունից:

Որպես մեկ միասնության ներկայացուցիչներ` մասնակիցները ստորագրեցին «Ուխտ Նոր Հայաստանի» վերնագրված հռչակագիր, որով փաստաթղթի ներքոստորագրյալներն իրենց դավանած գերագույն արժեքներ հռչակել են քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը: Հռչակագրում մասնավորապես ասվում է.

«Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքական երկու կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, հետայսու քաղաքական-քաղաքացիական համալիր այլընտրանք ենք ներկայացնում հանրապետության ժողովրդավարական-ազգային վերափոխման համար եւ մեզ հռչակում ենք միացյալ մեկ ամբողջություն, որտեղ հարգվում է անհատի մտքի ու արտահայտման ազատությունը եւ ապահովված է գաղափարների ու քաղաքական տարբերակների բաց, անկաշկանդ մրցակցություն:

Մեր դավանած գերագույն արժեքներն են քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը: Այդ արժեքների ամրապնդման ու տարածման հրամայականով մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաեւ` նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար եւ ձեւավորելու ենք նոր իշխանություն` նոր կառավարությամբ:

Մենք հաստատում ենք մեր ներսում որոշումների կոլեգիալ ընդունման կարգը` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն: Մեր նպատակներն իրագործելու ճանապարհին բոլոր համախոհ անդամներով ստանձնում ենք անհատական պատասխանատվություն եւ հավաքական հանձնառություն քաղաքական վճիռների կենսակոչման համար: Մենք միատեղ ուխտ ենք անում անշահախնդիր եւ անմնացորդ հանրային ծառայության:

Մենք ազատ մրցակցային տնտեսության եւ սոցիալական շուկայի կողմնակիցներ ենք, իսկ քաղաքական ոլորտում նախապատվությունը տալիս ենք խորհրդարանական կառավարման տիպօրինակին:

Մենք ընդունում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն պատմական արդարության, միջազգային իրավունքի, Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ճանաչման եւ հատուցման հիման վրա: Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի, իսկ դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել, ապա Հայաստանը նույնպես պետք է սեղանին դնի իր նախապայմանները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` Արցախի խնդիրը պետք է լուծվի նրա ինքնիշխանության եւ ամբողջականության ճանաչման եղանակով: ԼՂՀ-ը նաեւ պետք է ինքնուրույն սերտաճի միջազգային եւ հատկապես` եվրոպական կառույցներում:

Ընդունելով հանդերձ Ռուսաստանի հետ իրավահավասար ռազմավարական եւ ԱՄՆ-ի հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր արտաքին քաղաքական ուղենիշ մենք համարում ենք հարաճուն ինտեգրումը եվրոպական հանրակարգերին` Եվրոպական Միության լիիրավ անդամ դառնալու հեռանկարով:

Հանո՛ւն քաղաքացու, հանո՛ւն ազատության,

հանո՛ւն Հայաստանի Հանրապետության:

24 մարտի 2012թ.

Երեւան»

Հետևեք մեզ նաև Telegram-ում