«ԱԳՆ շենքը վաճառելու մասին գործարք չի եղել և չէր էլ կարող լինել». Պարզաբանում է Պետական գույքի կառավարման վարչությունը
Նմանատիպ
«Տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել ՀՀ ԱԳ նախարարության շենքը վաճառելու մասին, ընդ որում նշվել է նաև վաճառքի գինը: Տեղեկացնում ենք, որ նման որևէ գործարք չի եղել և չէր էլ կարող լինել՝ առանց հանրային ծանուցման և հրապարակային տեղեկատվության, առավել ևս` առանց օրենքով պահանջվող համապատասխան ընթացակարգերի:
Թերևս նման ենթադրությունների տեղիք է տվել ավելի վաղ հրապարակված պաշտոնական տեղեկությունն այն մասին, որ Արդարադատության նախարարության այրված շենքի և հարակից կաթսայատան տեղում պետք է նախարարությունների նոր շենք կառուցվի, որտեղ պետք է տեղավորվեն սեփական տարածք չունեցող նախարարությունները՝ Սփյուռքի, Արդարադատության և այլն: Ցանկում հիշատակվել է նաև ԱԳ նախարարությունը: Պատճառն այն է, որ այս գերատեսչության շենքային պայմանները վաղուց չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին և միջազգային չափանիշներին: Մասնագիտական գնահատականներով շենքի ներքին վերակառուցումը, հիմնանորոգումն արդիականացման նպատակով խիստ ծախսատար և նվազ արդյունավետ կարող է լինել, հետևաբար և՝ ժամանակակից նախագծով ու պայմաններով նոր շենքի կառուցումն ավելի նպատակահարմար է, որտեղ հարմարավետ պայմաններով կտեղավորվի նաև ԱԳ նախարարությունը:
Այդ նպատակով ՀՀ կառավարության 07.03.12թ. թիվ 232-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետարանը լիազորվել է իրականացնել ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչությանն ամրացված՝ Վազգեն Սարգսյան փ. թիվ 3 հասցեով 3176.85քառ.մետր ընդհանուր մակերեսով ՀՀ արդարադատության նախարարության այրված շենքի, Զաքիյան փ. թիվ2/1 հասցեով 9700 խ/մ ծավալով կաթսայատան ու 7000խ/մ ծավալով լաբորատոր շենքի քանդման աշխատանքները:
Քանդման աշխատանքներից հետո քաղաքապետարանը ՀՀ ԿԱ ՊԳԿ-ին կհատկացնի ազատված հողամասի ճշտված գլխավոր հատակագիծն՝ ամբողջ մակերեսի համար:
Հավաստիացնում ենք, որ այս նախագծի հետ կապված և ՀՀ ԿԱ ՊԳԿ-ին առնչվող նոր զարգացումների մասին հրապարակային կծանուցենք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում