«Նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ». ՄԻՊ-ը դեմ է Մաշտոցի պուրակի ակտիվիստների ինքնագործունեությանը
Նմանատիպ
Մարդու իրավունքների Պաշտպան Կարեն Անդրեասյանն անհանգստացած է Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպան ակտիվիստների համար, հայտնում են ՄԻՊ մամլո գրասենյակից: Այդ կապակցությամբ պաշտպանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Այսօր Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները, նաև պահանջելով ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Հնարավորինս աջակցելով Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման գործընթացում բնապահպան ակտիվիստների գործունեությանը և հայտնելով խնդրին համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությունս` միևնույն ժամանակ կոչ եմ անում նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես ՀՀ օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետևանքների:
Հորդորում ենք մեր համաքաղաքացիներին շարունակել իրենց համոզմունքների և հայացքների համար պայքարը` բացառապես իրավական գործընթացների շրջանակներում և օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Մինչև տվյալ խնդրի վերաբերյալ առաջիկա շաբաթներին հանրությանը իմ վերջնական իրավական գնահատականը ներկայացնելը, որպես ընդհանուր սկզբունք բոլոր իրավիճակների համար, անհրաժեշտ եմ համարում նշել, որ նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ:
Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման իրավաչափության հարցը դեռևս գտնվում է մեր ուսումնասիրման և քննարկման փուլում, պատրաստակամ ենք շարունակել համագործակցությունը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունների և անձանց հետ` խնդրի կարգավորման համար իրավական լուծումներ գտնելու նպատակով»:
Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակում տեղադրված պուրակների ապամոնտաժումը պահանջող ակտիվիստներն այսօր բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որով վերջինիս տեղեկացնում են մարտի 31-ին սեփական ուժերով ապամոնտաժումը կազմակերպելու մասին: Ակտիվիստները նաև պահանջել են ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին, հասարակական կարգի պահպանումն, ինչպես նաև աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը: Նամակի բովանդակությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում