Տ.Մարգարյանը շրջայցով ծանոթացել է նոր ավտոճանապարհների կառուցման ընթացիկ աշխատանքներին
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի երթևեկության կանոնակարգման ու տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով իրականացվող նոր ավտոճանապարհների կառուցման շինհրապարակներ և տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քաղաքապետի աշխատանքային շրջայցի առաջին կանգառը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էր: Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ նոր շրջանցիկ ավոտճանապարհի կառուցման ընթացքին:
«Երևաննախագիծ» ինսիտուտի տնօրենն ու ճանապարհաշինարարը քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի և հաստատված նախագծի վրա ցույց են տվել, թե այդ պահին որ հատվածում են ընթանում հիմնական աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ հիմնական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև ավտոճանապարհի որոշակի այլ հատվածներում:
Այս համատեքստում Տարոն Մարգարյանին է ներկայացվել կառուցվող ավտոճանապարհի մասնավորապես այն հատվածը, որտեղ իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Ճանապարհաշինարարը քաղաքապետին վստահեցրել է, որ ավտոճանապարհի մի հատվածը երթևեկելի կլինի մինչև սեպտեմբեր: Ի դեպ, շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսվում է «Ալմաստ» գործարանին հարակից նախկինում երկաթուղային փոխադրումների համար նախատեսված կամուրջը ևս ներառել տրանսպորտային հանգույցում:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանապարհաշինական մյուս ծրագիրը Ծարավ Աղբյուրի փողոցում է իրականացվում: Այս ավտոճանապարհի կառուցմամբ ոչ միայն շոշափելիորեն կբեռնաթափվեն վարչական շրջանի կենտրոնական փողոցները, այլև Քանաքեռ-Զեյթունը կարճ ճանապարհով կմիանա Ավան վարչական շրջանին: Քանաքեռ-Զեյթունի ճանապարհաշինական ծրագրերին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանը:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ և հետևել ընթացող աշխատանքներին: Արագընթաց օղակաձև մայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանին հարակից` անցումային տարածքով: Համաձայն նախագծի, երկու ուղղություններով 2-ական երթևեկաշերտով ավտոմայրուղու երկարությունը կկազմի 2.6 կմ: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք մի կողմից կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ մյուս կողմից Լենինգրադյան փողոցին: Ավտոմայրուղին կլինի արագընթաց և լուսացույցներ չի ունենա, ինչն ըստ էության կբացառի հավանական խցանումները, բացի այդ նաև զգալիորեն կբեռնաթափի ավտոմայրուղուն հարակից փողոցների տրանսպորտային հոսքերը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես ավտոմայրուղուն զուգահեռ նախատեսվող ջրատարի և հեղեղատարի կառուցմանը, բացի այդ նաև արտաքին լուսավորության, ինչպես նաև կապի հաղորդակցուղիների ստորգետնյա եղանակով կառուցմանը: Շինաշխատանքների ավարտից հետո կմեկնարկեն մայթերի ու հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման` ծաղկային լուծումներով և սիզամարգերով ձևավորման աշխատանքները:
Ընթացիկ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գոհացրել են քաղաքապետին:
«Շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ բոլոր աշխատանքներն ընթանում են նախանշված ժամանակացույցի համաձայն, ինչը գոհացուցիչ է: Սակայն հույս ունենք, որ որոշ աշխատանքներ կավարտենք նախատաեսվածից ավելի շուտ, ինչը կնպաստի մայրաքաղաքի երթևեկությունը օր առաջ բեռնաթափելուն: Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի հիմնական աշխատանքները կավարտվեն արդեն այս տարվա սեպտեմբերին, իսկ Իսակով-Լենինգրադյանում աշխատանքների վերջնաժամկետը սահմանված է 2013 թվականի գարնանը»,-նշել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ «Երևաննախագիծ» ինսիտուտի մասնագետների հետ քննարկվում են առաջիկա տարիներին նախատեսվող ճանապարհաշինական այլ ծրագրեր:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Հալաբյան-Աբելյան փողոցները կապող հատվածում կատարվող աշխատանքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում