Ոստիկանությունը Մաշտոցի պուրակի ակտիվիստներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից
30/03/2012 12:08
Նմանատիպ
ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակի ակտիվիստների որոշմանը՝ մարտի 31-ին սեփական ուժերով ապամոնտաժել կրպակները: Times.am-ը ներկայացնում է Ոստիկանության հայտարարությունն ամբողջությամբ.
«ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին, ժամը 13.ՕՕ-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող և հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման: Ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում և պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններ կատարելուց, սադրանքներից և իրավիճակի անհարկի սրումից: Ի դեպ, այսօր ոստիկանության ծառայողները Մաշտոցի պուրակի ակտիվիստներին զգուշացրել են իրենց հնարավոր գործողությունների հակաիրավական բնույթի և դրանից բխող հետևանքների մասին»:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նույնպես իր մտահոգությունն էր արտահայտել ակտիվիստների այս հայտարարության կապակցությամբ՝ կոչ անելով զերծ մնալ ինքնագործունեությունից. «Նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ»,- մասնավորապես ընդգծել է պաշտպանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում