Սյունիքի մարզպետն իրեն հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել Զ.Փոստանջյանի հասցեին

«Ժառանգության» նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Սյունիքի մարզպետը խոչընդոտներ է հարուցում «Ժառանգության» մարզային նախընտրական շտաբ հիմնելու հարցում: «Ժառանգության» զեկույցում մասնավորապես ասվում է.

«Մարտի 29-իերեկոյան տեղեկացանք, որ Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել:

Այսպես, Գորիսում քաղաքացիները ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ–ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները եւ հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը:

Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից նշված քաղաքացիները որեւէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ: Զարուհի Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ցուցակի անդամ Սուրեն Խաչատրյանին, որը, սակայն, պարզաբանումների փոխարեն իրեն հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել ԱԺ պատգամավորի հասցեին:

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաեւ ԿԸՀ եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա եւ պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում