Մաշտոցի պուրակ. Ոստիկանությունը կրկին նախազգուշացնում է, ակտիվիստները բանակցում են

Մաշտոցի պուրակում սկսվել է ակտիվիստների ակցիան, որի ժամանակ նրանք նախատեսում են սեփական ուժերով ապամոնտաժել կրպակները:
Բանվորական համազգեստով նախապես ընտրված 10 հոգին, ովքեր նախատեսվածի պես պետք է իրականացնեն ապամոնտաժման «առաքելությունը» այժմ շրջապատված են այլ երիտասարդ ակտիվիստներով: Պուրակում ներկա են նաև բազմաթիվ լրագրողներ և ոստիկաններ:
Մինչ ոստիկանները փորձում էին կարդալ նախազգուշացնող հայտարարությունն այն մասին, որ ակտիվիստների նախաձեռնած գործողություններն անօրինական են դիտարկվելու, ակտիվիստները սկսեցին գոռալ և սուլոցներ հանել՝ ոստիկանի ձայնը խլացնելու համար: Նրանք նաև սկսեցին երգել հայրենասիրական երգեր, Հայաստանի օրհներգը և վանկարկել «Ապամոնտաժում», «Կանաչ մաքուր Հայաստան» կոչերը:
Ապամոնտաժումն իրականացնել պատրաստվող «բանվորները» ոստիկանների հետ բանակցություններ վարելուց հետո եկան այն եզրակացության, որ իրենց այգում կսպասեն այնքան ժամանակ, մինչև պուրակից հեռանան բոլոր ոստիկանները, որպեսզի իրենք կարողանան իրենց գործն անել: Այս պահին նրանք հեռանում են խորհրդակցելու:
«Մենք կբանակցենք պետական այն մարմնի հետ, ով կհայտարարի, որ իրավասու է քննել կրպակների տեղադրման ապօրինության հարցը, որը լիազորված կլինի այս հարցը քննել, քանի որ ոստիկանությունը հայտարարում է, որ իրավասու չէ պաշտոնական մարմինների իրավաչափությունը գնահատել»,- հայտարարում են ակտիվիստները, իսկ ոստիկանությունն իր հերթին կոչ է անում դիմել վարչական դատարան, և եթե այն դրական որոշում ընդունի, այդ ժամանակ միայն կրպակները կապամոնտաժվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում