Վաղը Ծաղկազարդի գեղեցիկ տոնն է. Մոտենում է նաև Ավագ Շաբաթը

Մոտենում են եկեղեցական գարնանային գեղեցիկ տոները:
Վաղը՝ ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը, տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունից:Աղբյուրի փոխանցմամաբ՝ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր:

Այդ օրը, Ս. Պատարագի ավարտին, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մանուկների օրհնություն տեղի կունենա նաև ժամը 10:00-ին:

Մայր Աթոռում Ս. Պատարագից հետո մանուկների համար կանցկացվի կավճանկարի մրցույթ:

Ավանդության համաձայն՝ Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 10:9-10):

Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:

Հաջորդող շաբաթը Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և գեղեցիկ տոներից մեկի շաբաթն է՝ Ավագ Շաբաթը: Հինգշաբթի օրը կնշվի Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի օրը, կլինի Սուրբ պատարագ, ինչպես նաև Ոտնլվայի և Խավարման կարգ: Ավագ Ուրբաթ օրը Քրիստոսի չարչարանքների և խաչելության օրն է. այն կհիշատակվի խաչելության և թաղման կարգերով: Ավագ Շաբաթ օրը կլինի Ճրագալույցի Սուրբ Պատարագ, իսկ կիրակի օրը՝ ապրիլի 8-ին կնշենք Սուրբ Զատիկը՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի հրաժափառ Հարության: Այդ օրը Ամենայմ Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Հայրապետական իր պատգամը կհղի հայ ժողովրդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում