Քուվեյթի «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհան մոտ ապագայում կայցելի Հայաստան

Քուվեյթում ՀՀ դեսպանության և քուվեյթահայ համայնքի ազգային կառույցների համագործակցության շրջանակում ս.թ.մարտի 29-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Քուվեյթի «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը:

Եկեղեցու բակում մեկնարկեց շեյխա Ֆարիհայի պաշտոնական ընդունելությունը:  Ողջույնի խոսքով հանդես եկան Քուվեյթի և Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանն ու ազգային կառույցների այլ ներկայացուցիչներ` ընդգծելով շեյխա Ֆարիհայի այցի պատմական բնույթն ու բացառիկ նշանակությունը ինչպես քուվեյթահայ համայնքի կյանքում, այնպես էլ  հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ոլորտներում:

Այնուհետեւ տեղի ունեցավ հայ և քուվեյթցի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը նվիրված պատարագը, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Արարողությունից հետո կայացած կարճատև զրույցի ընթացքում շեյխա Ֆարիհան խոսեց Քուվեյթի կառուցման և բարգավաճման գործում հայ համայնքի ունեցած մեծ դերի և նշանակության մասին: Նա   բարձր գնահատեց  հայերի նվիրվածությունն  ու հավատարմությունը Քուվեյթի կառավարությանն ու ժողովրդին, նշելով, որ Քուվեյթի պատմության օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քուվեյթի կողքին:

Նույն օրը երեկոյան  շեյխա Ֆարիհայի պատվին հայ համայնքի անունից տրվեց ընթրիք, որին ներկա էին համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչները:

Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Շեյխա Ֆարիհայի այցը որակելով որպես պատմական և աննախադեպ հայ-քուվեյթյան համագործակցության պատմության մեջ, դեսպան Չարչօղլյանն ասաց, որ հետևողական աշխատանքներ են տարվում մոտ ապագայում  շեյխա Ֆարիհայի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու ուղղությամբ, ինչը նոր հիմքերի վրա կդնի Հայաստանի և Քուվեյթի միջև միջպետական հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը:

Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահի հանդիպումը հայ համայնքի հետ լայնորեն լուսաբանվել է Քուվեյթի հեռուստատեսությամբ և տեղական լրատվամիջոցներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում