Վրաստանի հայ համայնքը ցանկանում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ունենալ

«Վրաստանի Հայ Համայնք»-ը դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանին եւ Քաղաքային խորհրդին (օրենսդիր մարմնին)` խնդրելով թույլ տալ մայրաքաղաքում տեղադրել հուշաքար` նվիրված 1915-23 թ.թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում են համայնքի մամլո ծառայությունից:

«Մենք, ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներս, թվով Վրաստանում երկրորդ, Թբիլիսիում` առաջին ազգային փոքրամասնությունն ենք: Չնայած բազմաթիվ դիմումներին եւ խնդրանքներին, առ այսօր 1915-23 թ.թ. Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված ոչ մի հուշարձանխորհրդանիշ Թբիլիսիում չունենք:

Մենք` ներքոստորագրյալներս, խնդրում ենք հաշվի առնել մեր արդարացի ցանկությունը եւ Համայնքին իրավունք տալ 1915-23 թ.թ. Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշաքար տեղադրել»,- ասված է դիմումում:

Դիմումի տակ ստորագրել են «Վրաստանի Հայ Համայնքը» (ՎՀՀ), «ՎՀՀ Ուսանողական միությունը», «ՎՀՀ Երիտասարդական միությունը» եւ «ՎՀՀ Պատանեկան միությունը»:

Հիշեցնենք, որ «Վրաստանի Հայ Համայնքը» բազմաթիվ տարիների ընթացքում դիմում է քաղաքային իշխանություններին` խնդրելով հուշարձան տեղադրելու իրավունք տալ, սակայն Թբիլիսիի քաղաքապետարանն անտեսում է 1915-23 թ.թ. Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան ունենալու` թբիլիսահայերի ցանկությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում