Ա.Աժուբալիս. «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի աշխատանքներին և համանախագահների կազմած ծրագրին»

«ՀՀ-ի և Լիտվայի հետ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով»: Ողջունելով իր լիտվացի գործընկեր Աուդրոնիուս Աժուբալիսին՝ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքերով՝ երկկողմ հանդիպման շրջանակներում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային խնդիրները, անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի զարգացումներին:

Անդրադառնալով Ի. Ալիևի` Բաքվում հայերի դեմ արված հայտարարությունների վերաբերյալ հարցին` Էդ.Նալբանդյանը նկատել է, որ այն, ինչ ասում և անում են Ադրբեջանում, վարկաբեկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը.

«Այս հայտարարություններն արվում են, որպեսզի թոզ փչեն իրենց հասարակության աչքերին, և պետք է ուշադրություն դարձնել այն զեկույցներին, որոնք ցույց են տալիս Ադրբեջանում մարդու իրավունքների, մամուլի ազատությանը վերաբերվող իրավիճակը»,- նշել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Լիտվայի արտգործնախարար Ա.Աժուբալիսն իր հերթին, խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, նշել է, որ երկու երկրների միջև կուտակվել է քաղաքական կապիտալ և պետք է ակտիվացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները, որոնք այսօր բավականին համեստ են.

«ՀՀ-ի և Լիտվայի քաղաքական հարաբերությունները հիմք են հանդիսանում երկկողմ տնտեսական հարաբերությունների համար»,- ընդգծել է Լիտվայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ իրենք կողմ են ՀՀ-ի և ԵՄ-ի վիզային ռեժիմի դյուրացման համաձայնությունների հնարավորինս շուտ կյանքի կոչմանը:

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Ա.Աժուբալիսն ասել է, որ դրա լուծման համար պետք է դրսևորել քաղաքական կամք. «Լիտվայի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում կայանում է նրանում, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի աշխատանքներին և այն ծրագրին, որ համանախագահները կազմել են»:

Էդ.Նալբանդյանը նաև նշել է, որ Ադրբեջանը դեմ է ղարաբաղյան հարցի լուծմանը և ստատուս-քվոյի փոփոխությանը. «ՀՀ-ն տվել է իր համաձայնությունն այն սկզբունքներին, որոնք ղարաբաղյան հարցում առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում