Հայ գրոսմայստերները հաղթանակներ են տոնում տարբեր մրցաշարերում

Շախմատային տարբեր մրցաշարերում հայ գրոսմայստերները շարունակում են լավ արդյունքներ ցույց տալ:
Ինչպես հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գրոսմայստեր Վիգեն Միրումյանը (Չեխիա) Գերմանիայի Նորդերշտադտ քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 9-րդ տեղը:
Առաջին մրցանակը 7 միավորով նվաճեց գրոսմայստեր Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան):
Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) Լոս Անջելեսում շրջանային կարգով անցկացված 17-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը: Նույնպիսի արդյունք ցույց տվեց Յանկովսկին (Ռուսաստան), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 2-րդ Բրազիլական օփենում, որն անցկացվում էր Ֆորտալեզա քաղաքում, 7 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին գրոսմայստերներ Կուբասը (Պարագվայ), Վեսկովին եւ Էլ Դեբսը (Բրազիլիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում