«Բաց կառավարման գործընկերության» շրջանակներում ԱԳՆ-ում ներկայացվել է ՀՀ Գործողությունների ծրագիրը
Նմանատիպ
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի պաշտոնական ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Գործողության ծրագիրը մշակած աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ եւ Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչները:
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց իր գլխավորած աշխատանքային խմբի գործունեությունը, հատուկ շեշտելով, որ խմբում հավասարապես ընդգրկված էին ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նա ներկայացրեց Ծրագրի հիմնական դրույթները, որոնք առավելապես նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության եւ հաշվետվողականության բարելավմանը, ինչպես նաեւ պատասխանեց արտասահմանյան դիվանագետների հարցերին:
ՀՀ Գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվելու է միջազգային հանրությանը ապրիլի 16-18-ին Բրազիլիայի մայրաքաղաքում կայանալիք «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան հանդիպմանը:
«Բաց կառավարման գործընկերության» նպատակն է կառավարման ոլորտում բարեփոխումներ խթանել` բարձրացնելով պետություն–քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության եւ հաշվետվողականության մակարդակը: Նախաձեռնությունը համակարգվում է միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է 8 հիմնադիր պետություններից` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա եւ Միացյալ Թագավորություն:
Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է միջգերատեսչական խորհրդակցությունների եւ հանրային քննարկումների արդյունքում մշակել Գործողությունների ծրագիր, որով կսահմանվեն կառավարման ոլորտի բարեփոխմանն ուղղված իրատեսական խնդիրներն ու ժամկետները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում